

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Արմավիրի մարզում էր: Երկու մարզերի միջև փոխհամագործակցության հիմքը դրվել է 2009 թ-ից, սակայն որևէ գործուն քայլ դեռ չի իրականացվել: Իրանական պատվիրակությունն արդեն 3-րդ անգամ է Արմավիրի մարզում, ծանոթացել են տեղի ձեռնարկությունների արտադրանքին: Նախատեսվել է Արմավիրում և Ուրմիայում բացել առևտրի տներ, որտեղ կցուցադրվեն իրանական և հայկական ապրանքները։
Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի հետ Արմավիրի մարզի 4 տարի առաջ ստորագրված փոխըմբռման հուշագիրը դեռ մնում է թղթի վրա: Հուշագրով նախատեսված է համագործակցություն տարբեր ոլորտներում, որը շահեկան կլինի երկու մարզերի համար: Սակայն համագործակցությունը արտահայտված է միայն պատվիրակությունների փոխադարձ այցով և որևէ գործուն քայլ չկա:
Արդեն 2 օր իրանական պատվիրակությունը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով մարզում է և ծանոթանում է տեղական արդյունաբերությանը։ Եղել են սնկերի աճեցման «Բիգա» հայ- հոլանդական համատեղ ձեռնարկությունում, փայտե դռների ու պատուհանների արտադրության «Իմպերիալ-Տուր» ընկերությունում։
Իրանցիներին այժմ հետաքրքում է հայկական ապրանքի սպառման շուկան: Լինելով «Նոյան» բնական հյութերի Վանանդի մասնաճյուղում Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն հետաքրքվեց հումքի գնման, արտադրանքի իրացման գներով: «Եվրոթերմ» ՓԲԸ նախագահ Էդուարդ Ղազարյանը հյուրերին տեղեկացրեղ, որ արտադրանքի 90 արտահանվում է: Վանանդի մասնաճյուղը բացվել է անցած տարի, կարճ ժամանակահատվածում կառուցվել է ու սկսել բերքի մթերումը: «Նոյան» բնական հյութերն արտահանել են նաև Իրան, որտեղ արտարժույթի տատանման պատճառով դադարեցվել է վաճառքը: Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն նշեց, որ առաջիկայում հնարավոր է համագործակցություն այս ձեռնարկության հետ:
Արևմտյան Ատրպատականը Իրանում ապահովում է գյուղմթերքի վերամշակման 60 տոկոսը: «Եվրոթերմի» հետ համագործակցություն ձեռք կբերվի արտադրանքի համատեղ իրացման նպատակով այն շուկայում, որն ունի «Նոյան» բնական հյութերը: Նախատեսել են Ուրմիայում ստեղծել Արմավիրի տուն , իսկ Արմավիրում` Ուրմիայի տուն, որը 2 մարզի առևտրա-արդյունաբեական պալատի համատեղ աշխատանքի արդյունքը կլինի։
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հույս հայտնեց, որ այս անգամ այցը գործուն քայլերի սկիղբ կդառնա: Վահիդ Ջալալզադեի առաջարկով՝ հայ գործարարաների մի խումբ կմեկնի Արևտյան Ատրպատական և համագործակցության եզրեր կգտնեն: