

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Ըստ վիճակագրական տվյալների` հավկիթի շուկայում այս տարի տեղի ունեցած թանկացման պատճառը, որն կազմել է շուրջ 8-10 տոկոս, պայմանավորված է մի շարք արտաքին և ներքին գործոններով: Նախ՝ 2010 թվականին ձվի շուկայում արձանագրվեց ավելցուկ, որի իրացվելիությունը արտադրողները չկարողացան ապահովել, և արդյունքում որոշում կայացվեց պակասեցնել արտադրության ծավալը:
2011-12 թվականներին կրճատվեց ածան հավերի թիվը, քանի որ «ժամկետնանց հավեր էին» և, օպտիմալացնելով ածան հավերին, ստեղծվեց շուկայի պահանջարկին համապատասխան միջինացված վիճակ: Լուծելով ածան հավերի օպտիմալացման հարցը՝ արձանագրվեց գների աճ: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը պարզաբանում է՝ 2013 թվականին արձանագրված հավկիթի գնի բարձրացման պատճառները. հավերի կերը ամբողջությամբ ներկրվում է դրսից, որը միասին վերցված կազմում է 110-120 տոննա: Ներքին շուկան չի կարողանում ապահովել առկա պահանջարկը, իսկ միջազգային կերի գները աճել են, որն էլ անդրադառնում է հավկիթի գնի վրա:
Այսօր արտադրողները դիմել են կառավարությանը հարկային, մաքսային և մի շարք այլ ոլորտներում օժանդակություն ցուցաբերելու, տեղում կերի արտադրոթյան հարցը լուծելու խնդրանքով: Նրանք առաջարկում են առկա 374 հազար հեկտար անմշակ հողատարածքները հանձնել ինչպես արատադրողներին, այնպես ել գյուղական համայնքներին, ինչի պարագայում համակցված կերի գինը կնվազի շեշտակի՝ իր հետ բերելով ձվի և հավի գնի նվազում։
Ըստ սպառման վիճակագրության՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բնակչությանն անհրաժեշտ է օրական 708- 710 հազար հատ հավկիթ, ասել է թե երեք ամսվա համար 65 միլիոն հավկիթ, եւ քանի որ առջևում ամանորյա տոներ են և շուկայում ստեղծված պահանջարկի առկայության պարագայում արտադրող ընկերությունները պատրաստ են արտադրել ևս լրացուցիչ 14-15 մլիոն հատ հավկիթ, դարձնելով 80 մլն` Հայաստանում ապրող 830 հազար ընտանիքների պահանջարկը բավարարելու համար:
Սակայն արտադրողները բարձրաձայնում են, որ ածան հավերի բացակայության պատճառով կգրանցի 8 մլն հատ ձվի դեֆիցիտ: Այսօր թռչնաբույծերի միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հանգստացնելով ազգաբնակչությանը հայտարարել է, որ արտադրող ընկերությունները կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրենք կներկրեն Հայաստան համապատասխան քանակությամբ ժամկետային, որակյալ հավկիթ։
Իսկ ինչ վերաբերում է թռչնամսին, Սերգեյ Ստեփանյանը և Սուրեն Մովսիսյանը հավաստիացրեցին, որ թռչնամսի շուկայում վաճառվող հավերի 25-26 տոկոսը կազմում է տեղական արտադրությունը, որը առանց հավելանյութերով կերակրված որակյալ թռչնամիս է։