Հասարակություն

Վերարտադրողական բժշկությունը եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» 10-րդ հոբելյանական  գիտաժողովը միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ: Գիտաժողովի կարևորագույն ձեռքբերումը «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցման հիմնադրամի բացումն է, որը նպաստելու է անապահով անպտուղ ընտանիքներին, որոնք հնարավորություն չունեն դիմելու թանկարժեք վերարտադրողական մեթոդների: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, որը միաժամանակ «Արագիլ» ծրագրի գլխավոր հովանավորն է։

Վերարտադրողական բժշկությունը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Չնայած անպտղության բավականին բարձր ցուցանիշին՝ Հայաստանում վերջին 10 տարիներին անպտղության ցուցանիշը համեմատաբար նվազել է: ՀՀ գլխավոր գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի տեղեկացմամբ` այդ հաջողությունը բժշկությունում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների արդյունք է։ Անպտղաբերությունը ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ հասարակության խնդիրն է, կարծում է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը։

Անպտուղ անապահով զույգերին օգնելու նպատակով ստեղծվել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցման հիմնադրամը, որն ի դեպ գործում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Հիմնադրամի ստեղծման գործում իր ներդրումն ունի նաև ասոցիացիայի փոխնախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Թոխունցը։ Ծրագիրը մեկնարկում է այսօրվանից, հետևաբար առաջին արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել 9 ամիս անց:

Back to top button