Հասարակություն

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնն այլեւս ունի իր հասցեն

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Պատերազմի մեջ գտնվող Սիրիայից Հայաստան ժամանող սիրիահայերին աջակցելու, կացարանի ու աշխատանք գտնելու հարցում օգնում է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը, որը թեև գործում է արդեն մեկ տարի, սակայն պաշտոնական բացումն այսօր էր: Կենտրոնի նախագահ Լենա Հալաջյանն ասաց, որ իրենց դիմում են ամենատարբեր հարցերով, սակայն հիմնականում սիրիահայրեին այսօր ահնրաժեշտ է կացարան։ Հաճախ նրանք անգամ աշխատանք ունենալու դեպքում չեն կարողանում  վճարել վարձով բնակարանի գումարը: Այս հարցում հնարավորինս օգնում ենք, ասաց կենտորնի տնօրենը։ «Հայկական բարեգործական միությունը, ավետարանչականներն օգնում են վարձերի հարցում»,- նկատեց։

Սիրիահայերը Հայաստան բերեցին նոր մշակույթ, աշխատանքի նվիրում ու պատասխանատվություն, իր խոսքում նշեց  ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Համեստ, աշխատասեր, կրթված, խելացի մարդիկ են: Նրանց առաջ պետք է կանաչ ճանապարհ բացել հայրենիքում,  նրանց բոլոր խնդիրները պետք է լուծվեն»,- ասաց նախարարը՝ ավելացնելով նաև, որ հայրենիքը նոր գտած մեր հայրենակիցները նորից գաղթական դառնալու իրավունք չունեն։

Հայրենիք ժամանած մոտավորապես 11 հազար սիրիահայերը թեև իրենց կարգավիճակով փախստականներ են, բայց հանրապետության նախագահը հայտարարել է, որ նրանք իրենց հայրենիքում չեն կարող փախստական անվանվել, հատուկ շեշտեց նախարարը։

Ի դեպ՝ ի թիվս բազմաթիվ օժանդակող ծրագրերի՝ սիրիահայ ուսանողներին ուսման վարձավճարների 1/3- ը վճարում է ՀԲԸՄ-ը, 1/3-  «Գյուլբենկյան» հիմնադրամը,  1/3-ն էլ ՀՀ կառավարությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button