ԿարևորՀասարակություն

Իրանում խոլերայի տարածման պատճառով խստացվել է սահմանային հսկողությունը

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում շարունակվում  են կանխարգելիչ և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետությունամ պաշտոնական տվյալներով Իրանում խոլերայով հիվանդության դեպքերի թիվը հասել է 210-ի։ Հիվանդների  մեծ մասը Աֆղանստանի քաղաքացիներ են: Հիվանդությունն Իրան է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։

ՀՀ առողջապահության նախարարի` ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին հրամանի պահանջով արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող  1564 ուղևորների զննում և ջերմաչափում։ Նրանցից  1195-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցակետով, իսկ  369-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան  մեկնող 962 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 928-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետով,  34-ը` «Զվարթնոց»  օդանավակայանից։

Խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներն ուղևորների փաստաթղթերի հետ աշխատում են ձեռնոցներով: Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերում արգելվում է ուտելիքն առանց փաթեթավորման  Հայաստանի Հանրապետություն ներկրել։

Սանիտարական կարանտինային կետերն ապահովված են ախտահանիչ նյութերով և ախտահանման սարքերով, անհատական պաշտպանության միջոցներով, նմուշառման պարագաներով, խոլերայով հիվանդին առաջին օգնության տրամադրման միջոցներով, խոլերայով հիվանդի հետ աշխատելու լրակազմով: Շարունակվում է ուժեղացված հսկողությունը նաև Մեղրու տարածաշրջանի բաց ջրամբարների ջրի նկատմամբ։

Պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button