Հասարակություն

Ինչպես օդանավակայանները պատրաստել աղետներին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար» ծրագիրը արդեն իսկ իրականացվել է աշխարհի 20 օդանանավակայաններում: Այսօր հերթը հասավ Երևանի «Զվարթնոց» միջազգային և Գյումրիի օդանավակայաններին: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացավ դասընթացի բացման միջոցառումը: Ինչպես նշեց արտակարգ իրավիճակնեների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ծրագրի նպատակն է պատրաստել օդանավակայանների անձնակազմը և ենթակառուցվածքները` հաղթահարելու նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրները, որոնք կարող են առաջանալ բնական աղետների ժամանակ:
«Այս տարի լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 25- րդ տարելիցը, որը շուրջ 25 հազար մարդու կյանք խլեց: Եթե մեր ենթակառուցվածքներն այն ժամանակ պատրաստված լինեին, մենք շատ ավելի քիչ կորուստներ կունենայինք: Ամբողջ աշխարհը մեզ օգնության ձեռք մեկնեց, որը հիմնականում ստացվում էր օդանավակայանի միջոցով: Այսօր մենք հնարավորություն ունենք մեր գործընկերների օգնությամբ պատրաստել օդանավականները գործելու արտակարգ իրավիճակներում: Վստահ եմ, որ այդպիսով մեր օդանավակայանների պատրաստվածությունը կբարձրանա նոր մակարդակի»,- ասում է ԱԻՆ փոխնախարարը։ Ըստ նրա՝ նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում մեր երկրում և այս առումով շատ կարևոր է աղետների ռիսկերը նվազեցման համատեքստում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունից իր գոհունակությունը հայտնեց մեր երկրում ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան։ «Վերջին տարիներին ամբողջ աշխարհում բնական աղետներն առավել հաճախակի են դարձել.: Մոտ մեկ տասնամյակ է, ինչ ՄԱԶԾ-ն աջակցում է ազգային գործընկերներին՝ բարձրացնելու իրազեկվածությունը, խրախուսելու աղետներին դիմակայելու պատրաստվածությունը և ռիսկի նվազեցումը, ստեղծելու աղետների կառավարման ազգային հայեցակարգ, ինչպես նաև փոփոխելու ինստիտուցիոնալ, իրավական և կանոնակարգման դաշտը: Գրանցվել են մեծ ձեռքբերումներ. մշակվել են աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ընդունվել է ազգային պլատֆորմը»։

«Դոյչե Փոստ Դի-էյջ-Էլ» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Կասպերսկին հանգամանալից ներկայացրեց «Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար» ծրագիրը և նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է աջակցել հայկական օդանավակայանների պատրաստվածությանն աղետներին: «Մեր ծրագրի ստեղծմանը նպաստեց Իրանի Բամ քաղաքում  2003 թվականին տեղի ունեցած աղետալիօ երկրաշարժը: Մեր աշխատակիցները ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ տեղի օդանավակայանը փակ էր 4 օր և առաջարկլեցին իրենց օգնությունը լոգիստիկ գործընթացների կազմակերպման հարցում»։

Ցուցադրել ավելի
Back to top button