«էկո» կամ «բիո» անվանումներով արտադրանքները համապատասխան հավաստագրում չեն անցել


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Վերջին շրջանում սպառողներին մատուցվող գովազդային նյութերում ավելի շատ են շրջանառվում «օրգանական», «էկոլոգիական» , «էկոլոգիապես մաքուր» անվանումները: Երբեմն գովազդային նյութերում մատուցվող շարադրանքն իրականությանը չի համապատասխանում։ Տնտեսվարողը «էկո» կամ «բիո» անվանումը կիրառելու համար պետք է համապատասխան հավաստագիր, իսկ ներկրվող ապրանքի դեպքում՝ ուղեկցող հավաստագիր ունենա: Հակառակ դեպքում՝ Հակամենաշնորհային մարմինը՝ ՏՄՊՊՀ-ն գործ է ունենում անբարեխիղճ մրցակցության հետ, երբ տնտեսվարողը մոլորեցնում է սպառողին:
ՏՄՊՊՀ-ն լայնածավալ ուսումնաիրություններ է կատարել, ութ վարույթ է հարուցվել, լսումներ են կազմակերպվել: Պարզվել է, որ անբարեխիղճ վարքագիծ են դրսևորել «Թալին Ֆուդ»,«Կալաչ»,«Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան «Նյու Վեյվ», «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի», «ԱՁ Գ. Հյուսյան» և «Ամառտի» ընկերությունները։ Նիստին ներկա էր միայն «Նյու Վեյվ» ընկերության տնօրեն Աշոտ Ադումյանը, ով, ի դեպ, նիստի ավարտից անմիջապես հետո հեռացավ դահլիճից։ «Ուղղակի չենք մտածել, որ սպառողին մոլորության մեջ ենք գցել, իմանայինք, կվերացնեինք, կշտկենք»,- ասում էր նա։
Փաստորեն՝ տնտեսվարողները «էկոլոգիապես մաքուր», «բիո» ու նմանատիպ բառերն օգտագործել են՝ առանց դրանց իրական նշանակությունն իմանալու: Նրանք միայն ենթադրել են, որ, եթե, ասենք, հայկական լեռների մաքուր օդն են շնչել ու խոտն են կերել իրենց կովերը, հետևաբար՝ կաթնամթերքն էկոլոգիապես մաքուր կստացվի: Մինչդեռ՝ «էկոլոգիապես մաքուր» սնունդ արտադրելու և վաճառելու համար նրանք պետք է համապատասխան հավաստագիր ստանային։
Այսքանով հանդերձ՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ այս անգամ տնտեսվարողների նկատմամբ տուգանքներ չեն կիրառվի, «հանձնաժողովի առաջնահերթությունը խախտումների վերացումն է, այլ ոչ թե տնտեսվարողներին ֆինանսական վնաս պատճառելը»,- բացատրեց Շաբոյանը։
ՏՄՊՊՀ-ն վերոնշյալ խնդրի հետ կապված ուսումնասիրել է նաև ոչ պարենային ապրանքների շուկան: Պարզվել է, որ մաքրող և լվացող միջոցների, սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պարագայում ևս կիրառվում են «բիո» և «Էկո» հասկացությունները: Սակայն օրենսդրությունը այս տեսակի ապրանքների մասով հստակ կանոնակարգված չէ և կարիք կա լրացումների: Խնդրի կանոնակարգման հետ կապված հանձնաժողովը հանդես կգա օրենքում համապատասխան փոփոխությունների առաջարկով։
Ի դեպ՝ 2014թ հունվարի մեկից արգելվելու է «էկո» կամ« բիո» անվանումները որպես անհատակացման միջոց՝ ֆիրմային անվանում, ապրանքային նշան օգատգործեը, եթե, իհարկե, արտադրողը զուտ գյուղատնտեսական արտադրանք թողարկող չէ։