Քաղաքական

Զարուհի Փոստանջյանն օգտվել է ազատ խոսքի իր իրավունքից

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում իր հնչեցրած հարցին եւ դրան հաջորդած մեկնաբանություններին: Նա պնդել է, թե իր հարցը չէ, որ պիտի խայտառակեր Հայաստանի Հանրապետությունը։ «Խայտառակությունն այն է, որ մեր բնակչության 35 տոկոսն աղքատ է, քաղցած: Մեկուկես միլիոն մարդ ցեղասպանության ենթարկվեց հարյուր տարի առաջ, այսօր անկախ Հայաստանից արտագաղթել է մեկուկես միլիոն մարդ, այդ խայտառակ անձանց միջոցով է, որ նման հանգրվանի ենք հասել»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը: Արձագանքելով հարցին, որ իր ընդդիմադիր գործընկերներից շատերն են քննադատել ԵԽԽՎ-ում իր պահվածքը` Փոստանջյանը բնական է համարել, որ գործընկերներից ոմանք չունենան նման հարցադրումներ եւ դա ինքը հասկանում է: Սակայն  ԵԽԽՎ-ում ինքն է ներկայացված եղել «Ժառանգություն»- ից եւ օգտվել է օրենքով իրեն տրված ազատ խոսքի իրավունքից:

Զարուհի Փոստանջյանի խոսքով` իրեն քննադատողները ներկայացնում են մի սերունդ, որը, նրա ձեւակերպմամբ, դեռ այլ սկզբունքներով է առաջնորդվում եւ տարբերվում է իր սերունդից: Խոսելով ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմից իրեն հեռացնելու խորհրդարանի խոսնակի նախաձեռնության մասին` Զարուհի Փոստանջյանն ասաց, թե Հովիկ Աբրահամյանի տվյալ հայտարարության մասին տեղեկացված է ԵԽ-ի կանոնակարգի հանձնաժողովը եւ հայտարարությունը քննարկման առարկա է դարձել ԵԽԽՎ-ի բյուրոյում։ «Երբ կլինի Հայաստանի իշխանության, տվյալ դեպքում` Հովիկ Աբրահամյանի կողմից պաշտոնական քայլ, այդ ժամանակ կլինի նաեւ ԵԽ կողմից պաշտոնական արձագանք»,- ասաց։

Հակադարձելով դիտարկումներին, որ աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններում Փոստանջյանի հնչեցրած հարցն ինչ-որ ծրագրի մաս էր եւ ինչ-որ ուժերի կողմից նաեւ ուղղորդված ու ֆինանսավորված` ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե «Ժառանգությունը» ազգային-ազատական կուսակցություն է, իսկ հարցը որ հնչեցրել է` հնչեցրել է ժողովրդի կողմից եւ պարտավոր էր դա անել այնտեղ, ապա` հավելեց, թե «որեւիցե խնդիր այստեղ տեսնել կամ դիտարկել, կամ ինչ-որ մեկնաբանություն անել, ես կարծում եմ, կարիքը չկա եւ ես լիարժեք պատասխանում եմ այդ հարցին»։

Արդյո՝ք հնչեցված հարցը նախապես քննարկվել է կուսակցությունում: Փոստանջյանն ի պատասխան ասաց, թե ինքը լիազորված է «Ժառանգություն» կուսակցության կողմից եւ իրավասու է ընդունել որոշումներ: Փոստանջյանը չի ընդունում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից հնչեցրած այն մեղադրանքները, որ ընդդիմությունը լավագույնս չի օգտագործել ԵԽԽՎ-ի ամբիոնը` նման հարց հնչեցնելով: Ընդդիմադիր գործիչը նաեւ ասաց, թե «Ժառանգությունում» տարաձայնություններ չունի եւ կուսակցության արժեքը այն է համարում, որ այդտեղ կա բազմակարծություն եւ ազատ է խոսքի իրավունքը: Ինքն էլ գործել է իր լիազորությունների շրջանակում եւ օգտվել որոշումներ ընդունելու իր հնարավորությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button