Արմավիրի գրադարանը տոնում է հիմնադրման 75- ամյակը


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզային գրադարանում այսօր կրկնակի տոն է, նշվում է Գրադարանավարի օրն ու գրադարանի հիմնադրման 75- ամյակը: Գրադարանի հիմնադրման ստույգ օրը նշված չէ, սակայն ըստ տեղեկությունների 1937-1938 թթ-ին Արմավիրում գործել է թատերական խումբ, ուստի այստեղ եղել է նաև գրադարան: Մարզային գրադարանում ամեն ինչ նոր է, հիմնովին վերանորոգված, թարմացված գույքով ու տեխնիկայով, սա լրիվ փոխել է նախկինում գոյութուն ունեցած գրադարանի անհրապույր տեսքը ` խոնավ պայմաններով, կիսաքանդ վիճակում: Մարզային գրադարանը, ըստ տնօրեն Աիդա Ղազարյանի, ընթերցողի պակաս չի ունեցել և այժմ էլ չունի։
Գրադարանից այժմ օգտվում է 6730 տարբեր տարիքի ընթերցող, որոնց մեծ մասը ուսանողներ են։ Գրադարանը վերջին տարիներին համալրվում է նոր գրականությամբ: 113 հազ 168 միավորից շուրջ 1000 կտորը համալրվել է այս տարի: Գրադարանը վերազինվել է տեղեկատվական նորագույն տեխնիկայով, որն օգնում է ընթերցողին որոշակի տեղեկատվություն ստանալ իրեն հետաքրքող գրականության վերաբերյալ:
Մարզային գրադարանի ընթերցասրահը շատ ընթերցողների համար հարազատ վայր է, որտեղ այժմ ավելի լավ պայմաններ են: Այստեղ կան և գիտահանրամատչելի գրականությունից և պարբերական մամուլից մշտական օգտվողներ: Անժելիկա Սարգսյանի տեղեկացմամբ՝ ընթերցասրահում օգտվում են գրադարանի ոսկե ֆոնդից, որը մեկ օրինակից է:
Գրադարանավարի մասնագիտական և հոբելյանական տոնի կապակցությամբ այսօր միջոցառումներ են կազմակերպվել Արմավիրի մարզային գրադարանում և մի քանի գյուղերի մասնաճյուղերում: