Հասարակություն

Արդարադատության համակարգի կայացումը պայմանավորված է հասարակության պահանջով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Եգանյանը և «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության  նախագահ  Խաչատուր Մարոզյանն այսօր անդրադարձել են համաներում հայտարելու մասին Ազգային ժողովի՝ օրերս ընդունած որոշմանը։ Ըստ նրանց՝ համաներումը  որքան էլ  սպասված ակտ է դատապարտյալների, նրանց ընտանիքների և հանրության համար, այդուհանդերձ  չի փարատում այն մտահգությունները, որ ունեն   հասարակական կառույցներն ու փաստաբանները, նշել են բանախոսները: Նրանց կարծիքով՝ համաներմամբ ածանցյալ խնդիրներ են լուծվում , մինչդեռ հիմնականները մնում են չլուծված։

Ներում, համաներում հասկացությունների իմաստը արդարադատության հայաստանյան  համակարգում խաթարված է, կարծում  է Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ  Խաչատուր Մարոզյանը: Նրա համոզմամբ՝ պատժի հիմնական նպատակներից մեկը մարդուն վերափոխելն է: Իսկ այն հարցում, թե որքանով է Հայաստանում քրեական արդարադատության համակարգը կարողանում հասնել այդ նպատակին, նա թերահավատ է։ «Ի՞նչ եք կարծում, այն անձը, ով մի քանի կգ  մետաղ  գողանալու համար դատապարտվել է ու բանտախցում հայտնվել է մի քանի «սրոկ» նստածի հետ , ով ում ինչ պետք է սովորեցնի և արդյո՞ք այս համաներված անձը կարողանալու է զերծ մնալ կրկին հանցագործություն կատարելու գայթակղությունից»։

Խաչատուր Մարոզյանի վերլուծությունն այս կետում հակասում է այն վիճակագրությանը, որը խորհրդարանում համաներման նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  Ըստ վիճակագրության ՝ 2011-ին իրականացված համաներման արդյուքնում  պատժի կրումից ազատվածների մոտ 4,8 տոկոսն է կրկին հանցագործություն կատարել: Սա, նախարարի խոսքով, բավական ցածր տոկոս է, ինչը նշանակում է, որ համաներվածները  հասկացել են իշխանության կողմից իրենց նկատմամբ կիրառված մարդասիրական ակտի իմաստը, հետևաբար՝ ընդամենը երկու տարի անց դարձյալ համաներում հայտարարելը, ըստ այս վիճակագրության, չի նպաստի կրկնահանցագործության աճին։

Փաստաբանների միության անդամ, փաստաբան Հայկ Եգանյանը նունպես նշում է , որ համաներման   իրավական, բարոյական,  մարդասիրական նպատակները կասկածի տակ չեն դրվում, բայց միևնույնն է՝ համաներմամբ  չեն լուծվում հասարակական ու համակարգային այն խնդիրները, որոնք կան   քրեական արդարադատության ոլորտում ու նաև դրանից դուրս»։

Փաստաբանն առաջարկում է մտածել հարցի շուրջ, թե  ինչ է սպասվում համաներվածին բանտախցից դուրս գալուց հետո: Հայկ Եգանյանը չի կիսում շրջանառվող այն մոտեցումը, թե նախկին դատապարտյալը հասարակության մեջ ինտեգրվելու խնդիր ունի։ «Խորհրդային տարիներին լուրջ չափանիշ էր մարդու ծառայած լինելը, դատված չլինելը: Նախկին դատապարտվածն ամեն ինչ անում էր, որ հասարակությունն իրեն ընդունի: Հիմա, որքանով ես եմ հասկանում, դատապարտվածը «դիսկոմֆորտի» մեջ չի հայտնվում: Իմ կարծիքով ՝ արժեքային համակարգը  ամբոջությամբ փոփոխվել է, և այդ անձը այլևս չի խնդրում հասարակությունից , որ ընդունի իրեն»։

Եգանանի կարծիքով ՝ համաներման ենթարկված յուրաքանչյուր ոք քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ստիպված է լինեում գործել ոչ թե ընդհանուր ձևակերպված  կանոնների, հայեցակարգի , այլ՝ մասնավոր լուծումների շրջանակում։ Փաստաբանը նաև կարծում է, որ խնդիրը ոչ այնքան համակարգի, որքան հասարակության մեջ է: Արդարադատության համակարգը շնչում է, ավելին, ըստ նրա, առողջացման նշաններ է ցույց տալիս, իսկ դրա կայացումը փաստաբանը կապում է հասարակական պահանջի հետ։

Back to top button