Տիգրանակերտը Կովկասում ամենաընդարձակ հելլենիստական հուշարձանն է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ողջ Կովկասում այսօր չկա առավել ընդարձակ հելլենիստական հուշարձան, որքան Տիգրանակերտը։ Եվ այդ առումով Տիգրանակերտը հանդես է գալիս ոչ միայն որպես հնագիտական հետազոտության օբյեկտ, այլև լանդշաֆտային տարածությունը կազմակերպող հուշարձան, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Արցախի Տիգրանակերտի պեղումները նա սկսել է դեռևս 2006 թվականից սեփական նախաձեռնությամբ և գտնում է, որ թե զբոսաշրջային բիզնեսի կազմակերպման և թե մշակութային տարբեր նախաձեռնությունների առումով Տիգրանակերտի հետազոտությունները վաղուց արդեն դուրս են եկել զուտ ակադեմիական հետազոտությունների սահմաններից: Թեև Համլետ Պետրոսյանը երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ, այդուհանդերձ նկատել է, որ մեր քաղաքական դաշտը չի օգտագործում պատմամշակութային հուշարձանները, այնինչ մշակութային ժառանգությունը կարող է դառնալ հզոր զենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտում։
Իհարկե՝ վերջին տարիներին պատմական էքսկուրսների է դիմում նաև հայկական կողմը, բայց կոնկրետ Տիգրանակերտի պեղումները՝ Արցախի տարածքում՝ Աղդամին կից՝ Տիգրանի կողմից կառուցված քաղաքի հայտնաբերման արդյուքները, մինչ օրս և ոչ մի քաղաքագետ կամ քաղաքական գործիչ չի օգտագործել։ Տիգրանակերտի հետազոտությունները հսկայական նշանակություն ունեն նաև մշակութային քաղաքականության տեսանկյունից, սակայն դա ևս չի իրականացվում այնպես, ինչպես պետք է, կարծում է հնագետը: Նա նույնիսկ գտնում է, որ Տիգրանակերտի թանգարանը պետք է լինի անվճար, այնինչ այս տարվա սեպտեմբերի մեկից այն արդեն իսկ դարձել է վճարովի, մուտքը 250` դրամ։
Որքան Տիգրանակերտի մատչելիությունը սահմանափակվի, այնքան սահմանափակվելու է նրա ճանաչումը, նկատեց Համլետ Պետրոսյանը։