ԿարևորՄշակույթ

«Սիմֆոնիկ նվագախումբ հովանավորող անձը չի կարող հետո «Փակ շուկա» քանդել». Հայաստանում արվեստն ու բիզենսն ատում են իրար

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նոր թատերաշրջանում երկու նոր գործ է բեմադրել՝ մեկը մանկական «Ծուղրուղուն», մյուսը՝ մոնոներկայացում է՝ «Ձին» մեծահասակների համար, որը մարմնավորել է դերասանուհի Նարինե Գրիգորյանը։ Արդեն հոկտեմբերին Տիկնիկային թատրոնը փոքրիկ հանդիսատեսի դատին կներկայացնեն Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», դեկտեմբերին՝ Նոր տարվա տոնածառի հանդեսը: Իսկ մինչ այդ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատմեց, որ նոր են վերադարձել  հյուրախաղերից։

Մեծ Բրիտանիայում կայացած թատերական փառատոնի ընթացքում հանդես են եկել «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացմամբ, որը, շնորհիվ, դերասանական փայլուն խաղի, հանդիսատեսի կողմից շատ դրական արձագանք է ստացել, ասաց Ռուբեն Բաբայանը՝ նշելով, որ հետագա պլանների մասին չի ցանկանում խոսել, «սակայն թատրոնում ստեղծագործական մթնոլորտը եռում է»։

Ռուբեն Բաբայանի խոսքով` փառատոներ ու ցուցա։հանդեսներ մայրաքաղաքում պետք է շատ լինեն, և բնական է  համարում, որ փառատոների ընթացքում լինեն նաև չհաջողված ներկայացումներ։ Արվեստագետը արդեն խոսելով իր փոքրիկ հանդիստեսի, նրա ճաշակի ու ընկալումների  մասին՝ եկել է այն եզրահանգման, որ «ներկայացում դիտելու եկած երեխային չի կարելի սովորեցնել, քանի որ նա պետք է ազատ մտածելակերպ ունենա,  ու նրան պետք է ընդամենը արվեստի ճանապարհը ցույց տալ»։

21-րդ դարի լավ դերասանը միաժամանակ պետք է լավ ծաղրածու, լավ մնջախաղաց և լավ տիկնիկավար լինի, ասում է։ Թատրոնը սուտ չի հանդուրժում: Եթե մեծահասակը քաղաքավարությունից դրդված կարող է մինչև վերջ դիտել ներկայացումը, ապա երեխան ճիշտ ժամանակին զգում է կեղծիքն ու կարող է հեռանալ դահլիճից: Թե մեծահասակ, թե մանկահասակ հանդիսատեսին թատրոնում պահելն ամենաբարդ գործն է, ասում օ Տիկնիկայինի ղեկավարը։

Ռուբեն Բաբայանն անդրադարձավ նաև Հայաստանում հովանավորների ու մեկենասների ինստիտուտին։ Ըստ արվեստագետի՝ այն   մեզ մոտ բացարձակապես չի գործում, իսկ «քաղաքակիրթ երկրներում արվեստն ու բիզնեսը միմյանց կարիքն ունեն: Բայց  Հայաստանում դրանք միմյանց ատում են»։ Սիմֆոնիկ նվագախումբ հովանավորող անձը չի կարող հետո «Փակ շուկա» քանդել»,- ասում է նա։

Այսօր թատերական աշխարհում միի շարք խնդիրներ կան, թատրոններ կան, որ չունեն իրենց սեփական շենքը, սակայն անկախության օրվան նվիրված համերգին կառավարությունը մոտ 135 հազար դոլոր տրամադրեց Նունե Եսայանի համերգի համար։ Ռուբեն Բաբայանը մինչ հարցին պատասխանելը մեկ դիտարակում արեց. Նունե Եսայանի՝ սեպտեմբերի 21-ի համերգի բյուջեն՝ 135 հազար դոլար, Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի 6 ամսվա բյուջեն է: Նրա խոսքով՝ եթե այսչափ մեծ գումարը ներդրվեր առավել արժեքավոր գործի մեջ, գուցե մարդիկ չափսոսեին։

«Այս տարի լրանում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը: Անկախության տոնին Հանրապետության հրապարակում պետք է Արամ Խաչատրյան հնչեր, ինչպես գերմանացիները տոների ժամանակ Բախ ու Բեթհովեն, ավստրիացիները՝ Մոցարտ են լսում: Սա ընդամենը գեղագիտության հարց է: Պարզապես այսքան տարի թույլ ենք տվել, որ անճաշակությունը փաթաթվի մեր վզին»,- ասաց արվեստագետը։

Ռուբեն Բաբայանը խոսեց նաև օրերս ԵԽԽՎ-ի ում տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասելով, թե սխալ է այն կարծիքը, որ քաղաքականության մեջ  ամեն ինչ թույլատրվում է։ «Ֆաշիզմը հասարակության մեջ արժեք է դառնում այն ժամանակ, երբ սկսում է իշխել  ընդհանրական մտածողությունը, երբ արհամարհվում է  անհատականությունը»,- հիշեցնում է մտավորականը` հավելելով, որ եթե այսօր մեր միջից չհանենք ատելությունը, տարիներ հետո ֆաշիզմը  կիշխի մեր հասարակության մեջ։

 

Back to top button