Ուսուցիչների հայտարարված ակցիան չկայացավ


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Ուսուցչին տոնին ընդառաջ նախապես հայտարարվել էր, որ մի խումբ ուսուցիչներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպելու կառավարության շենքի առջև: 40 րոպե ուշացումով ընդամենը չորս ուսուցիչ է ժամանել, հետո էլ հայտարարել, որ հրաժարվում են իրենց խնդիրը ներկայացնելուց՝ «քիչ ենք հավաքվել» պատճառաբանությամբ։ Երկարատև բանակցություններից հետո նրանցից մեկն ի վերջո համաձայնել է դժգոհությունը ներկայացնել՝ առանց իր անուն-ազգանունն ու աշխատավայրի հասցեն նշելու։ «Մեզ աշխատանքից կազատեն ու մեր դպրոցները կփակեն»,- ասաց նա։
Հվելենք, որ ի սկզբանե ակցիայի չորս մասնակիցներից երեքը համաձայնել էին անանուն ներկայացնել իրենց բողոքը։ «Այսօր ուսուցչի տոնն է, ամբողջ հանրապետությունը մեզ շնորհավորում է, բայց մենք շատ վրդովված ենք և վիրավորված: Ուսուցչի տոնի նախօրեին էր, որ մենք ստացանք մեր աշխատավարձը և բավականին ցածր: Ցածր, որովհետև մեր հարգարժան նախարարը և երևի երկրի նախագահը որոշել են, որ պետք չէ ուսուցիչը ցամաք հացի հետ նաև ուրիշ բան ուտի: Հիսուն հազար դրամ էլ չկա, այդքան աշխատավարձով գնում ենք աշխատանքի, և բավականին շատ պահանջներ ունեն, որ նորություն է ուսուցչի համար։ Դրանց համար մենք չենք բողոքում, մենք բողոքում ենք, որ մեր աշխատավարձը իջել է: Ցածրացել է, քանի որ դասղեկության համար վճարվող գումարը հանել են, մեթոդմիավորման համար վճարվող գումարն են հանել, տետրերի ստուգման համար վճարվող գումարն են հանել; Բոլորովին վերջերս «Կրթություն» թերթում գրվեց, որ եթե դասարանը քսանից ավելի աշակերտ ունի, պետք է դասարանը կիսեն: Մենք մտնում ենք 30 հոգանոց դասարան, չեն կիսում։ Կուրանալով, այսպես ասենք, քոռանալով, ստուգում ենք տետրերը, դրա փոխարեն ոչ մի գրոշ չենք ստանում»,- ասել ենք նրան։