ԿարևորՀասարակություն

Նախագահը ծանոթացավ Ջերմուկում կատարվող աշխատանքներին, մասնակցեց գյուղհամայնքների համաժողովին (լրացված)

լրացվել է ժամը 16։45

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վայոց ձորում է, որտեղ մասնակցել է գյուղական համայնքների երրորդ համաժողովին, ինչպես նաեւ եղել է այն շինհրապարակներում, որտեղ իրականացվում են ներդրումային խոշոր ծրագրեր։

Կառավարության 2008 թվականի որոշման համաձայն՝ Ջերմուկը ճանաչվեց զբոսաշրջության կենտրոն։ Այդ ժամանակից ի վեր քաղաքում կատարվել են խոշոր ներդրումներ ինչպես պետության, այնպես էլ մասնավոր  հատվածի կողմից։

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում  նշեց, որ պետական միջոցները հիմնականում օգտագործվել են կրթության եւ մշակույթի օջախներում, վերականգնվել է քաղաքի փողոցային լուսավորությունը, փոխվել են բազմաբնակարան շենքերի տանիքները, իրականացվել է ասֆալտապատում։

Մասնավորների կողմից իրականացվող ներդրումների հաշվին կառուցվում եւ շարունակվում են կառուցվել խոշոր առողջարանային կենտրոններ եւ հյուրանոցներ։ Այս պահին Ջերմուկում կառուցվում են 5 խոշոր առողջարան եւ հյուրանոց, որոնք, ինչպես նշեց քաղաքապետը, շուրջ 500- ով կավելացնեն մահճակալների թիվը։

Ջերմուկը նաեւ աստիճանաբար դառնում է ֆորումների եւ համաժողովների անցկացման վայր։ Այս օրերին այստեղ ընթանում է Գյուղանական համայնքների 3- րդ համաժողովը, որին այսօր մասնակցում էր նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը եղավ նաեւ այն շինհրապարակներում, որտեղ այս պահին իրականացվում են ներդրումային խոշոր ծրագրեր։ Քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այս կենտրոնները հետագայում քաղաքի համար կապահովեն մոտ 200 նոր աշխատատեղ։

Ինչպես վերկ նշվեցինք նախագահը մասնակցեց նաեւ հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների , մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ։

Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ՝ վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ։

Back to top button