Հասարակություն

Գծատերերը շահույթի փոխարեն գերշահույթ են ուզում. կրկին տրանսպորտի թանկացման մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հանրային խորհրդի  անդամ Արշակ Սադոյանի և Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի բանավեճի թեման հասարակական տրանսպորտի ներկայիս վիճակն ու նախատեսվող գների բարձրացումն էր: Արշակ Սադոյանը համոզված է, որ  հասարակական տրանսպորտի գների բարձրացման լուրջ հիմքեր չկան, պարզապես գծի տերերն ուզում են գերշահույթ ստանալ։

«Վճարում ենք 100 դրամ» հասարակական նախաձեռնության քայլերը ողջունելի է` որպես քաղաքացիական հասարակության ձևավորման լուրջ քայլ, և հիմա մասնակիցներին առաջարկում եմ, որպեսզի իրենց պայքարը շարունակեն, քանի որ տրանսպորտի գների բարձրացման հարցը կրկին օրակարգում է: Հնարավոր է, որ հիմա քաղաքապետարանում ասեն, որ հոգնել են, այս անգամ չեն բողոքի և նորից դարձնեն 150 դրամ»,- ասաց Արշակ Սադոյանը։

Վերջինիս պարզապես նյարդայնացնում են գծատերերի այն հայտարությունները, թե իրենք աշխատում են վնասով ու շահույթ չեն ստանում: «Եթե գծի տերերը գլուխ են կոտրում, որ իրենց գծերից չզրկվեն, և ամեն ինչ անում են, որ մի հատ էլ ավել գիծ ձեռք բերեն, դա նշանակում է, որ այն շահութաբեր է և հիմա էլ գերշահութաբեր դարձնելու կարիք չկա»:

Սադոյանն առաջարկում է, որ պետք է  ներմուծել ոչ թե մեծ չափի, այլ փոքր չափի  ավտուբուսներ, որպեսզի խուսափեն խցանումներից։ «Տրանսպորտն այսօր ունի արդիականացման խնդիր, և պետք է թարմացվի ավտոպարկը, որ մարդիկ կռացած չերթևեկեն»։

Իսկ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ քաղաքային տրանսպորտը գահավիժելով հասել է նախավերջին հանգրվանին` մոտենալով հոգեվարքին: Սպառողների միության նախագահի գնահատմամբ՝ իրավիճակից դուրս գալու  միակ ելքը  այն է, որ պետք է կառուցեն մետրոպոլիտենի նոր կայարաններ։

«Տրանսպորտի քաղաքակիրթ զարգացում ես չեմ տեսնում, ես տեսնում եմ միայն ռեգրես: Ես դժբախտություն կամ երջանկություն եմ ունեցել աշխատել Երևանի բոլոր քաղաքապետերի հետ, և պետք է ասեմ, որ նրանցից ոչ մեկը չի հասկանում տրանսպորտի վիճակը, նրանցից ոչ մեկը չի տեսնում դրա զարգացման հեռանկարը: Միայն Գագիկ Բեգլարյանն էր, ով ինձ խոստացավ, որ միկրոավտոբուսների թիվը կկրճատի, և կրճատեց»,- ասաց Արմեն Պողոսյանը։

Վերջինս պահանջում է զարգացնել էլեկտրատրանսպորտը ու թվարկում, որ նման տրանսպորտի երեք տեսակ կա` մետրո, տրոլեյբուս և տրամվայ։ «Մադրիդում, օրինակ, վերջին 5 տարում 74 կիլոմետր մետրո է կառուցվել: Մենք Մադրիդ չենք ու չենք էլ կարող այդքան կառուցել, բայց 20 տարում գոնե մեկ կայարան կարող էինք և պարտավոր էինք կառուցել»,- ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։

Back to top button