Բնապահպանները պատրաստվում են երթի՝ ի պաշտպանություն Թեղուտի


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները հոկտեմբերի 10-ին երթ են նախատեսում, որը կեսօրին սկսվելու է հանրապետության հրապարակից և ավարտվելու է նախագահի նստավայրի մոտ: Իսկ երթուղին անցնելու է ՎՏԲ բանկի և «Վալեքս» ընկերության գրասենյակի մոտով: Նախաձեռնության անդամներից Եղիա Ներսիսյանն ասում է, որ երթի նպատակը մարդկանց իրազեկումն է։ «Երթը պայքարի միջոց չէ, այլ միջոց է մարդկանց իրազեկելու: Քանի որ խնդիրները շատ են Հայաստանում, Թեղուտի հարցը այսօր քիչ է արծարծվում, մարդիկ շատ քիչ են դրա մասին խոսում ՝ կարծելով, թե ամեն ինչ լավ է: Մինչդեռ պատկերը ճիշտ հակառակն է»:
Թեղուտի այսօրվա վիճակի մասին պատկերացում տալիս են նախաձեռնության անդամների՝ Թեղուտ կատարած վերջին այցելության արդյուքները: Նախաձեռնության անդամներից Լեւոն Ստեփանյանը, օրինակ, 2007-ին ստորագրված որոշումն է հիշեցնում: Այն բացի Թեղուտը հանրային գերակա շահ ճանաչելուց նաև մի շարք պահանջներ էր առաջադրում։ «Պետք է ամբողջ գյուղում նոր ճանապարհներ անցկացվեին, գազամատակարարում, ջրամատակարարում պետք է ապահովվեր: Որևէ բան մինչ օրս չի կատարվել: Մեր այցելության ժամանակ գյուղում ողբալի վիճակ էր, որեւէ բան չի արվել, ոչ գազ կար, ոչ ջուր կար, դեռ չեմ խսում բնապահապանական աղետալի խնդիրների մասին»:
Թեղուտում հանքարդյունաբերական ծրագրի իրագործման արդյունքում, ըստ ակտիվիստների, բազմաթիվ ներպետական, ներօրենսդրական նորմեր և միջազգային կոնվենցիաներ են խախտվել: Նրանք նշում են, որ խախտումները հատկապես շատ են գյուղացիների հետ կնքված պայմանագրերում, որոնցով հանքարդյունաբերող ընկերությունը ձեռք է բերել հողային տարածքները: «Ընկերությունը խոստացել էր դրամական փոխհատուցում: Մինչ այժմ քչերն են այդ փոխհատուցումը ստացել, մնացածն էլ չնչին գումարներ է ստացել։ Խայտառակություն է, բայց այնտեղ քառակուսի մետրը 33-44 դրամով է վաճառվել, երբ շուկայական գները այլ են»։
Թեղուտի շահագործումը գյուղի բնակիչներին մի խնդրի առջև է կանգնեցրել: Հանքարդյունաբերության ծրագրի իրագործման արդյունքում Թեղուտի մատուռը հայտնվել է այն տարածքում, որն արդեն շահագործող ընկերության սեփականությունն է, ուստի ելումուտն այստեղ արդեն կանոնակարգվում է։ «Թեղուտցիներն իրենց սրբավայր կարող են մտնել միայն անցաթղթերով: «Վալեքս գրուպը» քանի որ այդ ամբողջ տարածքը փակել է դարպասով, միայն անցաթղթով կարող ես սրբավայր մտնել»:
Եվ այս ամենին զուգահեռ բանապահպանական բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին նախաձեռնության անդամները շարունակում են ահազանգել: Իրազեկման նպատակով նրանք հոկտեմբերի 10-ին հերթական երթը կկազմակերպեն, նորից կխոսեն այն խախտումների ու վտանգների մասին, որոնք բարձրաձայնում են արդեն մի քանի տարի: Ի դեպ՝ հոկտեմբերի 8-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովը լսումներ է նախատեսում, որի թեման հանքարդյունաբերական խնդիրներն են: Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ են մասնակցել, Եղիա Ներսիսիյանը բացասական պատասխան տվեց։ «Օրինակ՝ «Վալեքսը» 2006 թվից բազմիցս, որպես դեմոկրատ ընկերություն, բնապահպաններին ասում է՝եկեք նստենք, խոսենք, բանակցենք: Բայց ինչ խոես մեկի հետ, որը վերջում ասում է սևամորթ կբերեմ կաշխատացնեմ, միևնույնն է՝ անելու եմ»։