Էջմիածինը պատրաստվում է քաղաքի տոնին


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 8-ին հանրապետության հոգևոր մայրաքաղաքը` Էջմիածինը, կնշի իր տոնը։ Արդեն 5-րդ տարին է տոնը մեծ շուքով նշվում է։ Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքացիների համար տոնական օրը կապահովի համերգներով, ժամանցային ծրագրերով, ցուցադրական ելույթներով, ցուցահանդեսներով, շքերթով։ Շքերթին կհաջորդի մի ավանդույթ, որը եղել է 5-րդ դարում, իսկ այսօր հոգևոր քաղաքը փորձում է վերականգնել. 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի տառերը քաղաք են բերել, որին դիմավորել են Սահակ Պարթև կաթողիկոսն ու Վռամշապուհ արքան, ում հրամանով էլ քաղաքում 3 օր տոնակատարություն է հայտարարվել, ինչն էլ պահպանվում է նաև հիմա։
Այս 5 տարիների ընթացքում որպես ավանդույթ տոնին ընդառաջ բացվում է մի նոր կամ վերակառուցված շենք: Այս տարի էլ ավանդույթի հետքերով Էջմիածնի Տերյան փողոցում կբացվի Տերյանի անվան զբոսայգին, հայտնեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Պատմա- ազգագրական թանգարանում քաղաքացիները կարող են ուսումնասիրել հին հայկական դրամները, իսկ արվեստասեր հասարակությունը «Էջմիածինը հայ նկարիչների աչքերով» նկարների ցուցադրությունը կարող է վայելել քաղաքապետարանի շենքում: Սպորտի սիրահարներին էլ տեղեկացնենք, որ տոնի շրջանակներում կանցկացվի ձիասպորտի առաջնություն։
Խոսելով քաղաքի ձեռքբերումների և բացթողումների մասին` քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ Էջմիածնում մինչև 2003-2004 թվականները ոչ մի հիմնավոր աշխատանք չի կատարվել: Սակայն այսօր քույր քաղաքների ներդրումների շնորհիվ և պետական աջակցությամբ պատկերն այլ է: Ըստ Կարեն Գրիգորյանի՝ արդեն ներդրումներ են կատարվում քաղաքի մաշված ջրագծերը վերանորոգելու ուղղությամբ: Ներդրման չափը 2 միլիոն 300 հազար դոլար է: Հաջորդ քայլը կլինի թաղամասերը լուսավորությամբ ապահովելն ու ասֆալտապատումը։