Քաղաքական

Քննարկումների միջոցով հնարավոր է հասնել խնդիրների լուծման, ասում է վարչապետ Բլերի խորհրդական, լրագրող Լանս Փրայսը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Մեծ Բրիտանիայի օրերի շրջանակներում մեր երկր է այցելել բրիտանացի հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը: Նա այսօր հանդիպել է հայ լրագրողների հետ` կիսվել Հայաստանից ստացած տպավորություններով ու մի շարք հարցերի շուրջ իր տեսակետներով: Լանս Փրայսը որպես լրագրող աշխատել է Բի Բի Սի-ում, այնուհետեւ դարձել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի խորհրդականը։ 

Բրիտանացի հայտնի լրագրող Լանս Փրայսը նախ տեղեկացրեց, որ երկրորդ անգամ է գտնվում Հայաստանում: Եթե առաջին անգամ որպես զբոսաշրջիկ է այցելել, ապա երկրորդ անգամ «Բրիտանական օրերի» շրջանակում է լինում Հայաստանում եւ որպես լրագրող ու քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ առավել շատ բան է իմացել Հայաստանի մասին: Ի շարս մի շարք հարցերի` նա անդրադարձավ նաեւ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը: Ասաց, թե առաջին հարցերից մեկը, որ տվել է ինքն իրեն, այն էր, որ փորձում էր հասկանալ, թե ինչ է դա նշանակում Հայաստանի եւ Հայաստանի ապագայի համար։ «Թեեւ իմ այցելության առաջին օրից մինչ հիմա բավականին շատ բան եմ իմացել ձեր հասարակության, քաղաքականության եւ զանգվածային լրատվամիջոցների մասին, սակայն չեմ կարծում, որ այդ հարցիս պատասխանը դեռ գտել եմ»,- ասաց բրիտանացի լրագրողը:

Նրա կարծիքով` մենք երկուսս էլ եվրոպական երկրներ ենք, բայց մի մեծ տարբերություն կա` քաղաքականության եւ լրագրության առումով: Լայնս Փրայսի խոսքով` եթե Բրիտանիան առանց հասարակական լայն քննարկումների որոշում կայացներ, օրինակ, Սիրիայում տեղի ունեցող պատերազմական գործողություններին մասնակցելու մասին, ապա կառավարությանը հարցադրում կարվեր այդ կապակցությամբ: Բրիտանիայի խորհրդարանը դեմ գնաց կառավարության տեսակետին եւ հակառակ որոշում կայացրեց, սա խոսում է բրիտանական ժողովրդավարության մասին:

Բրիտանացի լրագրողի խոսքով` ինքն ամենատարբեր ասպարեզների ներկայացուցիչների հետ է զրուցել ու թեեւ սխալ է համարում եզրահանգումներ անել կարճ ժամանակահատվածում, սակայն եզրակացրել է, որ հայ հասարակությունում կա համապատասխան բազմազանություն, որտեղ առկա են տարբեր տեսակետներ ու տարբեր մոտեցումներ, սակայն, միեւնույն ժամանակ, քաղաքականությունը եւ հանրային լրատվամիջոցներն այնքան էլ բաց չեն այդ բազմազանությունն ու բազմակարծությունը ներկայացնելու առումով։

Լանս Փրայսը պատասխանելով լրագրողների հարցերին, մի քանի անգամ շեշտեց, որ իր ասածները պետք է ընկալել որպես իր անձնական տեսակետ: Մասնավորապես՝ անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը բրիտանական արձագանքների մասին` նա շեշտեց, թե կարծում է, որ Մեծ Բրիտանիան կողմ է բրիտանական արժեքների տարածմանը, անգամ` տարբեր ձեւաչափերով տարբեր երկրների ներգրավմանը, այդ թվում` ԵՄ  ասոցացման համաձայնագրերի շրջանակներում:

Լրագրողն ասաց, թե ինքն անձնապես եվրոպամետ է եւ կարծում է Եվրոպան միջազգային քաղաքականության մեջ կարեւոր դերակատարություն ունեցավ` որդեգրելով ընդհանուր ժողովրդավարական արժեքներ, որոնք շատ կարեւոր են: Նրա խոսքով` Հայաստանի որոշումը Մաքսային միության հետ կապված մեծ պատմություն չդարձավ, սակայն, մարդկանց մտքում հարցեր առաջացրեց:

Բրիտանացի լրագրողի ձեւակերպմամբ` այն փաստարկները, որոնք ընկած են Հայաստանի որոշման հիմքում` անվտանգություն, էներգետիկ անվտանգություն, շատ կարեւոր են ցանկացած երկրի համար: Դրանք կարող են հիմնավոր լինել, սակայն, բրիտանացի լրագրողի խոսքով, նրանք, ովքեր հետաքրքրված էին Եվրոպայի ընդլայնմամբ ու եվրոպական արժեքների տարածմամբ, չտեսան այդ հիմնավորումները եւ ուզում են հասկանալ այդ որոշման հիմքում ընկած փաստարկները։

Անդրադառնալով երկու ուղղությունների հետ կապված հակասություններ չլինելու պնդումներին` լրագրողը շեշտեց, որ եթե իրականում այդ երկուսի միջեւ չկա անհամատեղելիություն, ապա Եվրոպայում դրա համար շատ ուրախ կլինեն: Նա շեշտեց, թե բրիտանացիներն իրապես հետաքրքրված են Հայաստանով, գիտեն Հայաստանի պատմությունը եւ թե ինչու են հարաբերությունները հարեւանների հետ այդքան բարդ: «Վստահ ենք, որ քաղաքականության ու քննարկումների միջոցով հնարավոր է հասնել խնդիրների լուծման»,- եզրափակեց բրիտանացի լրագրողը։

Ցուցադրել ավելի
Back to top button