Ղարաբաղյան շարժում. 25 տարի անց՝ մասնակիցների հուշերում


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գրասենյակում այսօր կայացավ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձին նվիրված «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է 22 պատմություններ այն մարդկանց աչքերով, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Շարժմանը: Շնորհանդեսը նրանցից մի քանիսի համար առիթ դարձավ վերհիշել 25 տարվա վաղեմության զարգացումները:
Շեփորի հնչյունների ներքո 25 տարի առաջ Երևանում հավաքվում էին հազարավոր մարդիկ` դառնալով Ղարաբաղյան շարժման յուրահատուկ խորհրդանիշը: Այն օրերի դեպքերը նորովի բացահայտվել են «Մեդիամաքս» լրատվական գործակալության կողմից իրականացված «Շարժում 1988/25» նախագծի շրջանակներում, լրագրողներին հայտնեց գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը։
Այսօր ունենք մի նոր սերունդ, որը տեղյակ չէ Ղարաբաղյան շարժման մասին և, փաստորեն, հրատարակված գիրքը մի փորձ է՝ լրացնելու այդ բացը: Արա Թադևոսյանը նշեց, որ նյութերի պատրաստման ընթացքում շարժման առաջնորդներից և ակտիվ մասնակիցներից ոչ բոլորի հետ է հաջողվել հանդիպել: Ինչևէ՝ հավաքված 22 մարդկանց պատմությունները թույլ են տալիս նորից վերապրել 25 տարի առաջ արձանագրված ազգային վերելքը: Գրքի հերոսներից մեկը ՝ Հանրային պալատի նախագահ Վազգեն Մանուկյանն է, ով 1988-ին «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամներից էր։
Անցած 25 տարիների գլխավոր թերությունը, ըստ պարոն Մանուկյանի, համապետական ընտրությունների կեղծումն է՝ 1995-96 թվականներից սկսած։ Լրագրող Աննա Իսրաելյանը, ով 25 տարի առաջ ուսանողական ակտիվիստ էր, նույնպես գրքի հերոսներից է։ Վերլուծաբան Տիգրան Հակոբյանը այն օրերին սովորում էր մոսկովյան բուհերից մեկում: Ծանոթահանալով գրքի հետ և վերհիշելով քառորդ դար առաջ սկիզբ առաջ Շարժումը, այսօր հուզվել էր։