Հասարակություն

«Կանալ-Կովկաս» գործողության ընթացքում առգրավվել է 12 տոննայից ավելի թմրամիջոց

Հոկտեմբերի 1-ից 4-ը անցկացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնը տեղակայված էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

Այսօր կայացած ամփոփիչ նիստում հանդես եկավ և օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՌԴ թմրամիջոցների վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը բարձր գնահատեց միջոցառման կազմակերպչական մակարդակն ու կատարված աշխատանքը և ամփոփեց գործողության նախնական արդյունքները:

Մասնավորապես նշվեց, որ հոկտեմբերի 1-ից 4-ը «Կանալ-Կովկաս» գործողությանը մասնակցել է 55.235 մարդ, առգրավվել է 12 տոննա 194 կիլոգրամ թմրամիջոց, այդ թվում՝ հաշիշ, ափիոն, հերոին, կոկաին, սինթետիկ թմրամիջոցներ և պրեկուրսորներ:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նույնպես կարևորեց գործողության կազմակերպվածությունն ու ուժերի ներդաշնակեցումը և մասնակիցներին շնորհավորեց հաջողության համար:

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանությունը արել էր ամեն ինչ օպերատիվ կանխարգելիչ գործողությունը անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու և արդյունավետ փոխգործակցություն ապահովելու համար:

Նիստից հետո Վլադիմիր Գասպարյանը, Վիկտոր Իվանովը և Նիկոլայ Բորդյուժան պատասխանեցին լրագրրողների հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button