ԿարևորՏնտեսական

«ԴիջիԹեք Էքսպո 2013»- ը ներկայանում է նոր ձեւաչափով եւ մեծ ծավալով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է «ԴիջիԹեք Էքսպո 2013»  միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մանակցել է   հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսը  կտևի երեք օր`  հոկտեմբերի 4-6-ը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի  «Երևան Էքսպո» կենտրոնում: Կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների  միությունն է,  աջակիցներն են` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների  զարգացման և  շուկայի մրցունակության ծրագիրը, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը` «Ռոստելեկով» ապրանքանիշով, «Սատիս» ընկերությունը: 

ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի  ներկայանում է  առավել մեծ ծավալով և նոր ձևաչափով: Ցուցահանդեսին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան , ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ: «ԴիջիԹեքը սպասված միջոցառում է, կարելի է ասել , տոն  տեխնոլոգիական հանրության համար: Ցուցահանդեսի միջոցով  մարդիկ տեսնում են, որ  Հայաստանում կա հեռանկար և իրենց ապագան  կապում են սեփական երկրի հետ: Ռազմավարական առումով սա ԴիջիԹեքի ամենակարևոր գործառույթն է»,-ասում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների  միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Հայաստանում գործում են  բազմաթիվ ընկերություններ, որոնք  ունեն հետաքրքիր ու նորարար տեխնոլոգիական  գաղափարներ և լուծումներ։ «ԴիջիԹեքի» շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքն ու հաստատել գործարար կապեր  պոտենցիալ  գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ: «Արմռոբոտիքս» տաղվարը ներկայացնում է Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացմանը միտված ԻՏՁՄ ծրագիրը։

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը ներկայացնում է «Սոս սիսթեմս» ընկերության արտադրանքը, որի մի մասն արդեն  հաջողությամբ կիրառվում է  ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև մեկ նորարարություն, ինչի շնորհիվ ծառայություն ահազանգելն ավելի դյուրին կդառնա սահմանափակ կարողություններով անձանց համար, միաժամանակ առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու հնարավորություն կտա։

Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մրտիրոսյանը ներկայացնում է «Հայլենդ էյ էմ» նորացված սոցցանցը, որը գործում է այսօրվանից: Նրա բնորոշմամբ՝ |Դիջիթեքը\ տարեցտարի ավելի հետաքրքիր է դառնում և այն իրական օժանդակություն է ոլորտում ընդգրկված մասնագետների համgր:

Ըստ էկոնոմիկայի նախարար  Վահրամ Ավանեսյանի՝ «ԴիջիԹեքն» այս տարի ևս  հնարավորություն  կտա շոշափելի կերպով տեսնել ,  թե ինչպիսի ձեռբերումներ ունենք  ՏՏ ոլորտում։ Նրա տեղեկություններով՝ վերջին տարիներին ոլորտում 20-22  տոկոս աճ է գրանցվել, ստեղծվել է մոտ 1000 աշխատատեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button