Արտագնա աշխատանքի մեկնածներից ոմանք ընտանիքից են տուն վերադարձի տոմս խնդրում


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզում համայնքների բյուջեների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 14,3 տոկոսով, սա այն դեպքում, երբ տարին անհաջող սկսվեց մարզի գյուղատնտեսության համար: Արմավիրի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 86,7 տոկոս է: Նախատեսված 1 մլրդ 208 մլն 265 հազար դրամի դիմաց գանձվել է 1 մլրդ 47 մլն. 398 հազար դրամ:
Մարզի 46 համայնք մայիսին տուժեց ուժեղ կարկուտից, որից 23 -ը 100 տոկոսով: Այս գյուղերի հողի հարկերն ու ոռոգման ջրի վարձավճարները մարվել են է պետ բյուջեից, իսկ գույքահարկն ու վարձակալական հողերի վճարները պետք է մարեն գյուղացիները: Ինն ամսվա կտրվածքով գյուղերում սեփական եկամուտների հավաքագրման աճ է նկատվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Սակայն կան համայնքներ, որոնց եկամուտը պայմանավորված է աշնանային մշակաբույսերի բերքի և պտղի իրացմամբ: Այդ համայնքներում տեղական բյուջեն կհամալրեն հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։
Ջրաշեն համայնքը 100 տոկոսով տուժել էր մայիսյան կարկուտից։ Գյուղում վնասվել է 164, հա- ից ավելի հողատարածք, որից տուժել է 177 սեփականատեր: Գյուղում 2-3 կարգի լավորակ վարելահողեր են, որտեղ մշակվում են բանջար-բոստանային մշակաբույսեր։ Ջրաշեն համայնքի ղեկավար Խաչատուր Դավթյանը նշեց, որ այս տարի համայնքը հայտնվել է շատ ավելի ծանր վիճակում։
Գյուղում վարձակալած հողերից մշակվում է 15,6 հա-ը, սակայն վարձակալները աղետի հետևանքով չեն կարողանում վճարել այդ պարտքը, գույքահարկը վճարել են 47 տոկոսով: Գյուղապետի փոխանցմամբ՝ գույքահարկը վճարելու նպատակով պարտքեր են արել, որպեսզի կարողանան մեքենաները շահագործել: Կարկտահարությունից հետո որոշակի աջակցություն եղել է. համայնքին բաժանվել են պետբյուջեից հատկացված միանվագ 50 հազարական դրամ և ԱԺ պատգամավորի հիմնադրամից 40000- ական դրամ: Տրվել են վարունգի, լոլիկի, եգիպտացերենի և արևածաղկի սերմեր, որից միայն վարունգի սերմերն են ցանել:
Կարկտահարությունից հետո հողը կոշտացել էր և որակազրկվել: Երկրորդ ցանքի ժամանակ հողի որակի պատճառով բույսերի մեծ մասը չորացել է։ Գյուղացիները վարունգի սերմեր ցանել էին մոտ 5 հա վրա, որից պետք է 1 հա հաշվարկով ստանային մինչև 4 տոննա բերք, բայց ստացել են կեսը: Ջրաշենում 187 հա մշակովի հողատարածք կա, որից 82 հա պտղի , 17 հա խաղողի այգիներ են, 20 հա առվույտի ցանքատարածություն, մնացածն էլ բանջարեղենի ցանքատարածքներ: Սեփական եկամտի աղբյուր չունենալու պատճառով գյուղի բնակչության մեծ մասը դուրս է եկել արտագնա աշխատանքի, սակայն դրսում դարձյալ չեն կարողանում աշխատանք գտնել:
Համայնքը փոքր է `142 տնտեսություն և 856 բնակիչ ունի։ Խաչատուր Դավթյանը տեղեկացրեց, որ արտագնա աշխատանքի են մեկնել հիմնականում երիտասարդները, բայց նրանցից ոմանք ընտանիքից են տուն վերադարձի տոմս խնդրում գնել: Այնուամենայնիվ՝ համայնքի տեղական բյուջեի համալրման հույսը գյուղապետը կապում է արտագնա աշխատանքի մեկնածների հետ։
Արմավիրի մարզի համայնքերում աշխատավարձի պարտքը գերազանցում է 8 մլն դրամը։