ԿարևորՀասարակություն

Նախագահի՝ համաներում հայտարարելու առաջարկը ԱԺ- ն ընդունեց (լրացված)

լրացված է ժամը 18։16

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 102 կողմ ձայներով ընդունել է Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առիթով համաներում հայտարարելու հանրապետության նախագահի առաջարկությունը։ ԱԺ նախագահի ստորագրելուց հետո 24 ժամվա ընթացքում որոշումն մտնում է ուժի մեջ։ Դրանից հետո անմիջապես ազատ կարձակվեն 400-500 ազատազրկվածներ, իսկ գործընթացն ավարտին կհասցվի մինչև այս տարվա դեկտեմբրի 25-ը։

Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը Ազգային ժողովը բավականին լարված քննարկումների արդյունքում  այսօր միաձայն ընդունեց համապատասխան որոշումը։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստովանեց, որ այս որոշման ընդունմանը նախորդել է դժվարին գիշեր։ Նասխարարը նշեց, որ պատգամավորներից ստացված առաջարկները շատ հաճախ ուղղված էին խստացմանը՝ ի տարբերություն նախորդ համաներումների։

Համաներումը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ հաստատումից հետո ընդունված որոշումը ուժի մեջ կմտնի 24 ժամվա ընթացքում։ Համաներումը կիրականացվի մինչև դեկտեմբերի 25-ը։

Իսկ ահա պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խորհրդարանի ղեկավարը չի ներելու և մտադիր է հեռացնել նրան ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից։ Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմակցության քարտուղարը նախօրեին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում,  Հայաստանի նախագահին ուղղել էր հարց՝ իբր խաղատանը մեծ գումար տանուլ տալու մասին, ինչը հերքվեց երկրի ղեկավարի կողմից։

Փոստանջյանի վերադասը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց լրագրողներին, որ Ստրասբուրգում տրված հարցը համաձայնեցված չի եղել խմբակցությունում: Քանի դեռ Փոստանջյանը չի վերադարձել Երևան, Հակոբյանը ձեռնպահ մնաց իր գործընկերոջ վարքագծին գնահատական տալուց։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը խոստովանեց, որ ինքը նման հարց չէր տա, բայց միևնույն ժամանակ դեմ է եղել խորհրդարանի ղեկավարի հայտարարությանը:  ԵԽԽՎ պատվիրակության կազմում  Փոստանջյանի փոփոխության հարցը դեռևս «Ժառանգության» օրակարգում չէ, հավելեց խմբակցության ղեկավարը։

Ցուցադրել ավելի
Back to top button