ՀասարակությունՄշակույթ

Մահացել է Սերգեյ Դարչինյանը. թիֆլիսահայ կյանքի կենդանի հանրագիտարանը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Երկարատև ծանր հիվանդությունից հետո, կյանքի 66-րդ տարում վախճանվել է արխիվագետ, թբիլիսահայ ճանաչված ճարտարագետ Սարգիս Դարչինյանը: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է Թբիլիսիում ու ամբողջ Վրաստանում պահպանված ու ոչնչացված հայկական ժառանգության հաշվառմանն ու ուսումնասիրմանը: Մեծ արխիվագետը թողել է հսկայական արժեքավոր նյութեր, նրա շնորհիվ մեզ են հասել հայ մտավորականների տան հասցեները: Հուղարկավորությունը շաբաթ օրը տեղի կունենա Հավլաբարի սբ. Էջմիածին եկեղեցուց:

Մինչև վերջերս Սերգեյ Դարչինյանն իր փաստաթղթերով լի պայուսակը ձեռքին շրջում էր Թբիլիսիիում, ուսումնասիրում Վրաստանի արխիվները: Այս ամենը նա անում էր օր ու գիշեր` նպատակ ունենալով մեզ փոխանցել այսքան արժեքավոր նյութերը: Մի առիթով նա «Ռադիոլուրին» պատմեց. «Շատ մեծ ծախսեր եմ անում, բայց ինչ անեմ. եթե չանեմ։ Ուղղակի ցավելի է, ամեն ինչ կմոռացվի. փրկել եմ այն, ինչ կարող եմ»։
Դարչինյանը փրկում էր այդ ամենը, սակայն չուներ համակարգիչ, որտեղ կարելի էր պահպանել: Նա հավաքած նյութերը թղթին էր հանձնում` հուսալով, որ դրանք տպագրության կհանձնի: Երբ ամռանը հանդիպեցինք, թիֆլիսագետն ասաց, որ ավարտին է հասցրել արխիվային նյութեր հավաքելու գործը. Թիֆլիսի հետ կապված բոլոր ֆոնդերը նա ուսումնասիրել է: Արդյունքում՝ հայ հայտնի գրողների, քանդակագործների, նկարիչների ապրած տների հասցեները մեր ձեռքին են արդեն: Նա ասում էր, որ շատ մեծ մարդիկ են ապրել այս քաղաքում, մեծ ներդրում ունեցել և պետք է հիշել դա։ «Ես այդ ամենն ավելի շուտ կավարտեի, բայց արխիվներում հիմա 10 գործից ավելի չեն տալիս. ինձ համար դա ինչ է»,- ասում էր։

Նա կյանքի վերջին օրերին էլ զբաղված էր տպագրությունից առաջ նյութերում որոշ ուղղումներ անելով. ուզում էր խորը տեղեկություն թողնել մեր մշակույթի գործիչների ապրած տան հասցեների մասին։ «Ուզում եմ թաղեթաղ սկսել` Հավլաբար, Սոլոլակ, Մեյդան, Մթածմինդա, Դիդուբե, Վերա, Օրթաճալա և այլն. 11 թաղ»,- պատմում էր թիֆլիսագետը, ում իր գործունեության համար անվանում էին «Կենդանի հանրագիտարան»:

Նրա «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ» գիրքը շուտով լույս կտեսնի «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ ու Երևանի քաղաքապաետարանի հովանավորությամբ։

Back to top button