Հասարակություն

Հուշ- երեկո՝ նվիրված Ֆադեյ Սարգսյանին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի ունեցավ Խորհրդային Հայաստանի վարչապետներից եւ նորանկախ Հայաստանի ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 90- ամյակին նվիրված հուշ- երեկո։ Մասնակցում էին գիտական, հասարակական եւ քաղաքական գործիչներ։ Հուշ- երեկոյի ընթացքում ներկայացվեց նրան նվիրված ֆիլմ, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից իր օրհնանքի խոսքն էր բերել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Հայաստանի նախկին վարչապետերից Արմեն Դարբինյանն իր խոսքը վերնագրել էր «Ֆադեյ Սարգսյանի խորհուրդները» եւ ներկայացրեց, թե ինչ խորհուրդներ է ստացել նրանից իր վարչապետության ժամանակ, որ դրանք շատ կարեւոր դեր են խաղացել իր կառավարման տարիներին։

Ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանն էլ նշելով, որ բախտ է ունեցել աշխատել Տաճատիչի (այդպես են անվանում Ֆադեյ Սարգսյանին մտերիմներն ու գործընկերները, խմբ.) ղեկավարությամբ, ասաց, որ կարող է հստակորեն շեշտել, ի դեմս նրա՝ հոյակապ կառավարման դպրոց է անցել։

Ելույթ ունեցողները նշեցին, որ ի դեմս Ֆադեյ Սարգսյանի Հայաստանն ունեցել է պետական խոշոր գործիչ, տնտեսության խոշոր կառավարիչ, ով մեծ դեր է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ ԳԱԱ ղեկավարման տարիներն էլ հիշելով՝ արձանագրեցին, որ նրա շնորհիվ ԽՍՀՄ փլուզումից հետո պահպանվեցին ակադեմիայի ինստիտուտները։

Ցուցադրել ավելի
Back to top button