Հոկտեմբերի 4- 6-ը օդի ջերմաստիճանը կնվազի 12- 15 աստիճանով


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` հոկտեմբերի առաջին տասնօրյակում կգրանցվի ամենացածր ջերմաստիճանը: Լեռնային շրջաններում գիշերային ժամերին կանխատեսվում է ջերմաստիճանի անկում`մինչև 4-5 աստիճան ցուրտ, նախալեռնային շրջաններում 0-ից մինչև 4 աստիճան տաքություն: Արարատյան դաշտում գիշերը կանխատեսվում է ջերմաստիճանի անկում` մինչև 1-ից 5 աստիճան: Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի`ամսվա երկրորդ տասնօրյակին կդիտվի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։
Կլիմայական շեղումներ հոկտեմբերին, ըստ օդերևութաբանի, չեն սպասվում, միայն կնկատվի տեղումների պակաս: Առաջիկա օրերին Սկանդինավիայի շրջաններից դեպի հանրապետության տարածք է ներխուժել հզոր ցիկլոնային դաշտ, որն արդեն հասել է Թուրքիա և ազդում է նաև մեր հանրապետության արևմտյան շրջանների վրա։ Հոկտեմբերի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 12-ից 15 աստիճանով:
Երեկ Արարատյան դաշտում գրանցվել է մինչև 30 աստիճան տաքություն, իսկ հոկտեմբերի 5- 6-ը մայրաքաղաքում և Արարատյան դաշտում օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցի 14-ից 15 աստիճանը։ Արկտիկական օդի ներխուժմամբ պայմանավորված լեռնային առանձին շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով , առանձին հատվածներում 20-25 մետր վայրկյան քամու ուժգնացում:
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է գյուղատնտեսներին, որ հոկտեմբերի 7-ի գիշերը, պայմանավորված եղանակի պարզեցմամբ, չի բացառվում, որ Արարտյան դաշտում հողի մակերևույթի օդի ջերմաստիճանը մոտենա 0 աստիճանի։
Հոկտեմբերի 8- ից հետո հանրապետության տարածք կներթափանցի արևադարձային տաք հոսանքներ, որոնք կբերեն ջերմաստիճանի բարձրացում: