ԿարևորՔաղաքական

Կայացավ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ հարցեր.  հիմնական շեշտադրումն ուղղված է եղել անդամ երկրների ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական հետագա համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու։

«Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ոլորտի հարցերը, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը գտնվում են մեր երկրի քաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- նիստում նշել է Արթուր Բաղդասարյանը։

Նա խոսել է նաև ստեղծվելիք` Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի մասին, որի խնդիրներից է լինելու հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ռազմական արդյունաբերության ոլորտում համապատասխան ծրագրերի կատարման արդյունքների ամփոփումն ու գնահատումը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով՝ ռազմատնտեսական համագործակցության դերը, որպես անվտանգության ոլորտում համագործակցության կարևորագույն բաղադրիչ, բարձրանում է: Նա շեշտել է, որ առաջիկայում համագործակցության հիմնական ուղղություններից մեկը լինելու է ռազմական տեխնիկայի վերանորոգման սերվիս-կենտրոնների ստեղծումը։

Նիստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական արտադրանքի ստանդարտացմանը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական արդյունաբերության մրցունակության ապահովման հարցում, ՀԱՊԿ-ի շրջանակներում զինված ուժերին մատակարարվող առարկաների կատալոգավորման միջպետական համակարգի ստեղծմանը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մեխանիզմների կատարելագործման հարցերին:

Նիստում քննարկվել են ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության շրջանակներում մշակված մի քանի նախագծեր, մասնավորապես` ՀԱՊԿ անդամ պետությունների մինչև 2015 թվականի ռազմատնտեսական համագործակցության ծրագրի, մի շարք համաձայնագրերի և այլ փաստաթղթերի նախագծերը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի ղեկավարները ստորագրեցին հետագա համագործակցությանն ուղղված արձանագրություն:

Նիստի ընթացքում քննարկվել է 14 հարց, որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Բելառուսում: Ընտրվել է ՀԱՊԿ ռազմատնտեսական հանձնաժողովի նոր նախագահը` Գեորգի Կալամանովը: Նա ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովում Ռուսաստանի ներկայացուցիչն է։

Back to top button