ԿարևորՏնտեսական

Եվրապարտատոմսերից ստացված գումարով կմարվի ՌԴ վարկը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարով Հայաստանը վաղաժամկետ կմարի տնտեսական ճգնաժամի ժամանակ ՌԴ- ից ստացված վարկի մայր գումարը` 440 մլն դոլարն ու տոկոսները: Որոշում կայացվել է այսօր՝ կառավարության նիստի ժամանակ: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի փոխանցմամբ՝ «եվրապարտատոմսերից ստացված 60 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ կենտրոնական բանկին` փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար՝ խթանելով տնտեսությունը և բարենպաստ միջավայր ստեղծելով բիզնեսի համար: Բացի այդ՝ 3,9 մլրդ դրամ կհատկացվի Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային կազմակերպությանը` ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու համար: 29 մլրդ դրամ էլ կուղղվի պետական պարտքի կառավարման ռազմավարության փոփոխությանը, ինչը բարենպաստ միջավայր կստեղծի ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու համար»։

Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է եվրապարտատոմսերի թողարկման գործընթացի շուրջ մի շարք գործիչների բացասական եզրակացություններին: «Մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին, որը մեզ օգնել է այս գործընթացը միջազգային լավագույն չափանիշերին համապատասխան իրականացնելու համար, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ` «Դոյչե» բանկը, GP Morgan-ը և HSBC-ն: Պարտատոմսերը կարողացել ենք տեղաբաշխել այս պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով»,- ընդգծել վարչապետը։

Տիգրան Սարգսյանի խոսքով` շնորհիվ այս տեղաբաշխման կառավարությունը կարողանում է բարելավել վճարային հաշվեկշռի վիճակը, հաջորդ տարվա պետական բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, ունենալ տնտեսումներ: Ըստ վարչապետի` այդ ամենը թույլ կտա նաև, որպեսզի բիզնես վարկերի տոկոսադրույքները նվազեն: Վարչապետն ընդգծել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ևս նշել է, որ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը չափազանց դրական ձեռքբերում է Հայաստանի համար, մեր երկիրն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդրողների քարտեզի վրա, հարյուրից ավելի ներդրողներ հետևելու են Հայաստանի շուկային: 

Տիգրան Սարգսյանի համոզմամբ` եվրապարտատոմսերի տեղաբաշխումը բացառիկ հնարավորություն է միջոցներ ներգրավելու համար, ինչը ենթադրում է նաև համաշխարհային շուկայից ավելի ցածր տոկոսադրույքներով միջոցների ներգրավմանը: Հայաստանը թողարկել էր 700 մլն դոլարի եվրապարտատոմս:

Ցուցադրել ավելի
Back to top button