Մշակույթ

Գրողների միության նախագահը պետք է լինի կիրթ մարդ, մշակութային դեմք, ունենա գրական որոշ ժառանգություն

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Գրողների միությունը պատրաստվում է նոյեմբերյան արտահերթ ընտրությունների։ Կանխատեսվում է, որ միության նախագահի ընտրությունները թեժ են լինելու, քանի որ արդեն հնչում են թեկնածուների անուններ։ Գրողների միության անդամ Արտեմ Հարությունյանն էլ ունի իր թեկնածուն, որի անունը չցանկացավ այսօր բարձրաձայնել` ասելով, որ գովազդ կլինի: Սակայն կարծում է, որ մեր գրողները շատ աշխատելու և զարգանալու տեղ ունեն և պետք չէ, որ մեկ գրքով մեջտեղ ընկնեն։

Լուսահոգի Լևոն Անանյանը Գրողների միության նախագահությունն ստանձնելիս ժառանգություն է ստացել միության 400 անդամների, որոնց մի մասը հազիվ թե ունենար ընթերցող, խոստովանեց պոետ, միության անդամ Արտեմ Հարությունյանը: Պոետը մեջբերեց  իր գրչակից ընկեր Դավիթ Հովհաննեսի խոսքերը` Գրողների միությունը լցվել է տիղմով։ «Ցավոք, այո, ընդունվող մարդկանց մի մասը չի պատկերացնում ինչի համար է գրականությունը, որն է արդյունքը, ինչի է գրում, որն է նպատակը, սպիտակ թուղթը գրգռվում է և տողեր են գրում: Այդպես պետք չի լինի, պետք է լինի սոցիալական, քաղաքական, անձնականի մի բարդույթ, մի համադրություն, որը կբերի իսկական գրականություն»,- ասում է Արտեմ Հարությունյանը։

Պոետի համար ցավ է, որ Հայաստանը քիչ է երևում համաշխարհային  գրական գործընթացներում, չնայած որ վերջին շրջանում միությունը, ըստ նրա,  վատ չի աշխատել:  Գրողների միությունում քննադատության պակաս կա, որն էլ, Հարությունյանի ձևակերպմամբ, ահավոր է։

Գրականագետ Սուրեն Աբրահամյանի ցանկությունն է Գրողների միությունը տեսնել ինքնաբավ, որի մեղավորության բաժինը կա նաև գրական մամուլի, մամուլի, հեռուստաընկերությունների մեջ, որտեղ չի խոսվում  գրականությունից,  քննադատական գործընթացից և նրանից, թե ինչ ունենք։ Այնուամենայնիվ՝ գրականագետները  կարծում են, որ Գրողների միության նախագահը պետք է լինի կիրթ մարդ, մշակութային դեմք, ունենա գրական որոշ ժառանգություն: Արտեմ Հարությունյանը խոստովանում է, որ թեև ինչքան էլ խոսենք Գրողների միության որոշ անդամների ցածր որակի մասին,  այնուամենայնիվ, շփումը, նրանց հետ ծանր աշխատանք է:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button