Այս «Կինոաշունը» կմեկնարկի Գյումրիից եւ կնվիրվի հայկական կինոյի 90- ամյակին


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արդեն 4-րդ տարին է հոկտեմբեր ամիսը Հայաստանում վերածվում է ազգային կինոտոնի: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող ամենամյա «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից` հոկտեմբերի 5-ին , քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Աշնանային կինոտոնն այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին, ինչի կապակցությամբ էլ Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով։
Ամենամյա «Կինոաշնան» նորույթն այս տարի կինոմրցույթն է` «Երևանն իմ քաղաքն է» թեմայով: Մրցույթն իրականացվում է Երևանի քաղքապետարանի հետ համատեղ ու նվիրվում է մեր մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին: Նախորդ տարիների օրինակով՝ այս տարի էլ կազմվել են թեմատիկ կինոծրագրեր, առանձին ծրագրեր Երևանի համայնքների, բուհերի, մարզերի ու զինվորական մասերի համար: Պատրաստվել են հետահայաց ցուցադրություններ նվիրված հայկական կինոյի և հայկակակն անիմացիայի 90 և 75 ամյակներին, ինչպես նաև Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լևոն Իսահակյանի և Արմեն Միրաքյանի հոբելյաններին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն արձանագրում է, որ «Կինոաշունն» ամեն տարի վերածվում է կինոյի համաժողովրդական տոնի ու տարեցտարի ընդլայնում իր աշխարհագրությունը։ Երևանում, բացի համայնքներից, ֆիլմեր են ցուցադրվելու նաև «Նաիրի » կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, ինչպես նաև բուհերում: Ավանդույթի համաձայն կկազմակերպվեն նաև բացօթյա ցուցադրումներ «Սիրահարների այգում»:
Այս տարի ևս հայտարարված է գրախոսականների մրցույթ` հայկական նոր ֆիլմերի համար: Մրցույթի անցկացման նպատակով բուհերում կցուցադրվեն վերջին տարիների հայկական կինոարտադրանքը: Վերջինին ծանոթանալու առումով հայ արվեստասերն այսօր լուրջ խնդիր ունի: Հեռուստաընկերությունները դրանցով կարծեք առանձնապես չեն հետաքրքրվում, մարզերում կինոթատրոնները խորհրդային համակարգի հետ միասին վերացել են, իսկ քաղաքամայր Երևանում էլ ունենք ընդամենը մեկ ու կես կինոդահլիճ:
«Արդյո՞ք ազգային կինոյի ամենամյա տոնն առիթ չէ վերանայելու մասնավորապես մարզային կինոթատրոնների խնդիրը»,- Ռադիոլուրի հարցին ի պատասխան մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն ասում է. «Դա բոլորիս ցավն է, բայց առայժմ անլուծելի խնդիր»։
Գյումրիի մշակութային կյանքում հոկտեմբերի 5- ին աշխուժություն, այդուհանդերձ, կգրանցվի, քանի որ «Կինոաշուն» ծրագիրն այս տարի կմեկնարկի հենց այս քաղաքից։