Ռուսաստանը երբեք մեր անվտանգությունը չի պաշտպանել, հայտարարել է Պարույր Հայրիկյանը


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Մեր օրերում ԵՄ այլընտրանք փնտրել և դա համարել Մաքսային միությունը նշանակում է ունենալ առողջական խնդիրներ, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ: Հայրիկյանի ձեւակերպմամբ` Մաքսային միությունը ՌԴ-ի համար նշանակում է վերականգնել ԽՍՀՄ-ը` կործանված բռնապետությունը, կամ իր վարկանիշը բարձրացնել:
Մաքսային միության վերաբերյալ Պարույր Հայրիկյանի եւ ԱԻՄ-ի վերաբերմունքը միանշանակ բացասական է: Պարույր Հայրիկյանը կարծում է, որ այդ վերաբերմունքը հիմնավորված է։ Պատմության ուսուցիչներին չի խանգարի, ասաց Հայրիկյանը` նշելով, թե չի ցանկանում որեւէ մեկին վիրավորել, ուստի` այդ պատճառով չի էլ խորանա: Ասաց միայն, թե` իմպերիալիստական ոգով հավաքներն իրեն հայտնի են եւ դրա պատասխանը տվել են ժողովուրդները։
ԱԻՄ առաջնորդը վստահ է, որ ԵՄ-ը մի օր իր սահմաններն ընդարձակելու է եւ նրա մեջ պիտի ներառվեն այսօր ԵԽ-ի մեջ ընդգրկված պետությունները, նաեւ` Ռուսաստանը, Հայաստանը, սակայն, Հայրիկյանի ձեւակերպմամբ, Հայաստանն արդեն որպես կցորդ կմտնի այդ միության կազմում։
Հայրիկյանը կարծում է` Մաքսային միությունը Ռուսաստանի գինը բարձրացնելու ի սկզբանե դատապարտված փորձ է եւ այն մեր օրերում չի կարող երկար գոյատեւել, քանի որ, ԱԻՄ առաջնորդի բնութագրմամբ, արհեստածին է։
Անդրադառնալով այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ սպասվելիք ելույթին` Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը շատ բան չի ասելու և պարտավորված էլ չէ ինչ-որ բան ասելու: «Ավելին` ԵԽԽՎ-ն կարիք էլ չունի, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան ասի: Սերժ Սարգսյանը կարող է ընդամենը ասել, որ մենք ուզում ենք բոլորի հետ լավ լինել: Ավելին ես չեմ սպասում»,- ասաց նա։
Պարույր Հայրիկյանը չի ընդունում նաեւ այն հիմնավորումները, որ Մաքսային միությունը Հայաստանն ընտրեց հանուն անվտանգության: Հիշեցնելով մի շարք պատմական իրադարձություններ` նա շեշտեց, որ Ռուսաստանը երբեք մեր անվտանգությունը չի պաշտպանել, ապա հավելեց, թե` անվտագության հիմնական երաշխիքը ՆԱՏՕ-ն է: