Հասարակություն

Մրգաշատն արդեն 24- ժամյա խմելու ջուր ունի

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր 

«24 ժամվա ընթացքում 24 րոպե ջուր չենք ունեցել, այժմ ունենք շուրջօրյա ջրամատակարարում»,- ասում է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը։ Մրգաշատը  բնակչության թվով  մարզի  գյուղական  մեծ համայնքներից է, որտեղ խմելու ջրի ցանցի քայքայվածության պատճառով  բնակիչները զրկված են եղել ջրից, մատակարարման դեպքում էլ անորակ, գունավոր, հոտայի ու համային տարբեր հատկանիշերով ջուր է եղել: Մրգաշատի խմելու ջրի համակարգի  բարեկարգման աշխատանքները  2002 թ-ից ստանձնել է «Նոր  ակունք» ընկերությունը, որի շնորհիվ համայնքի մինչև 20 տոկոսն է օգտվել  ժամանակացույցով  ջրամատակարարումից։

25 կմ-ոց   չուգունե քայքայված ջրատար  ցանցից  12 կմ  նորացվել  էր  մետաղական խողովակներով,  կառուցվել էր   250 տ տարողությամբ օրական կարգավորման ջրամբար, սակայն համայնքում  գրունտային բարձր խոնավության պատճառով խողովակները դարձյալ կոռոզիայի են ենթարկվել և շարքից դուրս եկել:

ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրով  վերջերս  համայնքի ջրատար ցանցի  6,8 կմ  հատվածը փոխարինվել է պոլիէթիլենային խողովակներով: «Նոր ակունք» ՓԲԸ- ն դոնոր կազմակերպության հետ միասին  Մրգաշատ և Դալարիկ գյուղերում իրականացրել է համակարգի  13 կմ- ոց ավելի վերականգնման աշխատանքներ պոլիթէիլենային խողովակներոով, որոնց կյանքն ավելի երկար է: Կատարվածի մասին իր գնահատականը տվեց  ծրագրի ղեկավար, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության  տնօրեն  Քարեն Հիլարդը, նշելով, որ ծրագրի շրջանակներում աջակցելու են Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը ` ապահովելով  որակյալ մաքուր խմելու ջրով:

Մրգաշատում շուրջօրյա  ջրամատակարարումից այժմ օգտվում է 900 տնտեսություն:  Նախկինում «Նոր ակունքը» 25 000 խմ ջրարտադրությամբ  չի  կարողացել  բավարարել ջրամատակարարումից օգտվող բնակչության 20 տոկոսի  կենսական պահանջները: «Նոր ակունք» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրենի տեղական տեղակալ Արտավազդ Թորոսյանի փոխանցմամբ՝ համայնքի ջրի որակը կբարելավվի մնացած խողովակները փոխելուց հետո:  Դարձյալ փնտրելու են դոնոր կազմակերպություններ մնացած աշխատանքների կատարման  համար:

Ցուցադրել ավելի
Back to top button