«Մնացողին է դժվար, մնացողին». Ռիմա Դեմիրճյանն այսօր նշում է իր հոբելյանը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը ոչ միայն ազգային, պետական և քաղաքական խոշոր գործչի և Ազգային հերոսի, այլև հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակաշրջանի թանգարանն է: 2007 թվականին հիմնադրված թանգարանում ներկայացված է Կարեն Դեմիրճյանի ողջ ժառանգությունը` անձնական արխիվը, աշխատանքային օրագրերը, որոնք կոչված են նաև նպաստելու հանրապետությունում քաղաքական մշակույթի զարգացմանը:
Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ` թանգարանի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Դրանք փաստաթղթեր են, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր, անձնական իրեր, կառավարական պարգևներ: Հավերժացնելով Կարեն Դեմիրճյանի հիշատակը` թանգարանը ներկայացնում է նրա կյանքն ու գործունեությունը, ապրած և աշխատած ժամանակաշրջանի պատմությունը, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց նրա կինը` Ռիմա Դեմիրճյանը:
Թանգարանում մշտապես կազմակերպվում են ցուցադրություններ, որոնք ունենում են ամենատարբեր այցելուներ` դպրոցականներ, ուսանողներ, հյուրեր արտասահմանից։
Թանգարանից ոչ պակաս կարևոր է նաև Կարեն Դեմիրճյանի արձանի կանգնեցումը, որը ինչ-ինչ պատճառներով դեռևս չկա: Այդ հարցը շատ են ուղղում Ռիմա Դեմիրճյանին, բայց ինքն էլ չգիտի ինչ պատասխանել։ Ի դեպ՝ նշեմ, որ Ռիմա Դեմիրճյանին թանգարանում հանդիպեցի ոչ պատահական: Առիթ կար: Այսօր լրանում է նրա 80-ամյակը, մի տարեթիվ, որը շատ է իրեն հուզում, հիշեցնում այն բոլոր տարիները, որոնք ապրել է առանց սիրելի ամուսնուն։