Հասարակություն

Մենք զարգացող երկիր ենք նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման հարցում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

Այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում  անցած  մեկ տարվա ընթացքում, արդեն տասնվեցերորդ տարին է, ինչ ամփոփվում են  քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների կայունության ինդեքսում։ «Զեկույց 2012»- ը,  ու ոչ միայն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության նախաձեռնությունն է, անդրադառնում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին։

«Քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների կայունության ինդեքս 2012»- ում երկայացված են, ինչպես արդեն նշեցինք, անցած մեկ տարվա բոլոր իրադարձությունները՝  նախագահական ընտրություններից մինչև  Մաշտոցի պուրակի շուրջ ծավալված իրադարձությունները, Սյունիքի մարզի Քաջարան համայնքում Բաց հանքի շահագործման ծրագրի շուրջ ծավալված քաղաքացիական շարժումը, 2012թ հունիսին ԱԱԾ-ի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված հետաքննությունը։

Քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների փորձագետ Տաթևիկ Մարգարյանը նկատում է, որ քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին Հայաստանը տարիներ շարունակ դասվում է զարգացող երկրների շարքում։ «Մենք սովորաբար միջին մասում ենք գտնվում, զարգացման ընթացքում՝ արդեն բավականին երկար տարիներ է՝ քսան տարի: Դեռևս չենք կարողանում զարգացման փուլից դուրս գալ:  Ամեն դեպքում՝ այս տարի ցուցանիշը բարելավել է 0,1 միավորով, չորսից դարձել է 3,9»։

Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այլ կարծիք ունի։ «Եթե դուք գտնեք մի երկիր, որը կասի, որ մենք զարգացել-վերջացել ենք, և զարգանալու տեղ չունենք, ուրեմն այդ երկիրը կործանվել  է»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին լուրջ խնդիրներ  իհարկե կան։ «Որևէ ժամկետ, երբ մեր ցուցանիշերը իդեալականի կհասնեն, դժվարանում եմ ասել: Նաև պետք է շեշտեմ, որ սա ինդեքսներից կամ հաշվարկներից մեկն է: Դժվարանում եմ ասել, երբ կգա ժամանակը, որ մենք ունենանք իդեալական քաղաքացիական հասարակություն, դժվարանում եմ ասել»։

Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը  հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ Աֆղանստանից Հայաստան էին եկել մեր փորձն ուսումնասիրելու նպատակով։ Այսօր ներկայացված զեկույցում նաև նշված է, որ անցած մեկ տարվա ընթացքում կառավարության կողմից բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են լուծարվել, քանի որ նրանք չեն կարողացել ապահովել հարկային հաշվետվությունները։ Մինչդեռ՝ օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները լուծարվում են դատական կարգով: Սա ևս փոխանցեցինք արդարադատության նախարարի տեղակալին: 

«Իրականությանը դա չի համապատասխանում, մեկնաբանության խնդիր  է, հինգ տարուց ավելի ոչ մի հաշվետվություն չեն ներկայացրել, որոնք հարկային մարմիններում առկա տեղեկատվության համաձայն, գույք չունեն: Եթե ես պրակտիկորեն մարդու օրինակով սա բերեմ,  ապա սա այն դեպքն է,երբ մարդուն միացված է արհեստական շնչառական համակարգ, մենք ֆիզիկապես իրեն ունենք, բայց ինքը ընդհանրապես դադարել է գոյություն ունենալ: Ինքը հաշվետվություն չի ներկայացնում, գույք չունի: Եթե մարդիկ նույնիսկ ինչ-որ գործունեություն են իրականացնում, ապա այստեղ ֆինանսական որևէ շարժ գոյություն չունի»։

Հստակեցնելով՝ նախարարի տեղակալն ասաց, որ այն կազմակերպությունները, որոնք 2008թ հունվարի մեկի դրությամբ ու դրանից հետո որևէ հաշվետվություն չեն ներկայացրել, իրենց գոյության մասին չեն տեղեկացրել, նրանք ուղղակի լուծարվել են։ «Սա չի նշանակում, որ որևէ ճնշում է եղել այդ կազմակերպությունների նկատմամբ, քանի որ դրանից եհտո մի շարք կազմակերպություններ տեղեկացվել են, և այդ գրառումները բոլորը վերանայվել են: Այսինքն՝ կազմակերպությունների հարկադիր ջնջում, որովհետև նրանց նկատմամբ պատժատեսակ է կիրառվել՝ հարկային հաշվետվություն չներկայացնելու համար, չի եղել: Տպավորություն է ստեղծվել տեքստի ընթերցումից, որ սա պատժամիջոց է եղել, իրականում սա այն կազմակերպությունների գոյության դադարման հաստատումն էր, ովքեր չկային ու չէին գործում»։

Արամ Օրբելյանն ասաց, որ իրենք պարզապես այդ ՀԿ- ների  գործն են հեշտացրել,  ժամանակ, ռեսուրս ու գիտելիք չունեցողներին օգնել են լուծարման հարցում։

Back to top button