ԿարևորՔաղաքական

Խորհրդարանը նախագահի համաներման առաջարկը կքվեարկի վաղը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր ավարտել է ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին հանրապետության նախագահի առաջարկության քննարկումը: Նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ավարտին  առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչև վաղը:  Նպատակը պատգամավորների ներկայացրած  առաջարկությունները քննարկելն ու դրանցից ընդունելիները նախագծում ներառելն է: Վերջնական տեսքով նախագիծը քվեարկության կդրվի վաղը: Ենթադրվում է, որ  այս համաներումը ավելի մեծ ընդգրկում կունենա, քան՝ նախորդը, իսկ նախորդ համաներումից օգտվել էր մոտ 1200 անձ։

Համաներմանը, որպես մարդասիրական առաքելությամբ միջոցառման, խորհրդարանում որևէ պատգամավոր դեմ չէ, եթե կան մտահոգություններ, ապա դրանք համաներման պատշաճ կիրառումն ապահովելու մասին են, նաև  դրա բովանդակային կետերի:  Խորհրդարան ներկայացված փաստաթղթի շուրջ երեկ սկսված և այսօր ավարտված քննարկման ընթացքում  պատգամավորները մի շարք առաջարկներ ներկայացրին: Թե որքանով են դրանք ընդունելի և արդյոք տեղ կգտնեն, որոշման նախագծում հարցին, Հրայր Թովմասյնաը կպատասխանի վաղը, այդ առաջարկներն ի մի բերելուց և ընդունելիներն առանձնացնելուց հետո։

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը, օրինակ, իր մտահոգությունները մի քանի խմբի էր բաժանել: Հիմնական հարցը, սակայն, մեկն է. վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանում արդեն 3-րդ համաներումն է իրականցվում, բայց քրեակատարողական հիմնարկները,  միևնույնն է, շարունակում են  գերծանրբեռնված մնալ։ «Սա նշանակում է կամ մենք հանցածին ազգ ենք, ինչին ես համաձայն չեմ, կամ մեր քրեական արդարադատության համակարգը այնքան է աղավաղված, որ անկախ համաներումից՝ հաջորդ օրը կալանավայրերը նորից լցվելու են»։

Արծվիկ Միսնայանը հակված է երկրորդ տարբերկին, կարծում է, որ քրեական արդարադատության իրականցումը Հայաստանում լուրջ խնդիրներ ու արմատական վերանյման կարիք ունի: Արծվիկ Մինասյանը նաև նկատել էր, որ համաներման ակտը վերաբերելու է ընտրական իրավունքի խախտմանը վերաբերող  հանցակազմերին։ Պատգամավորն առաջարկում  է այս բնույթի   հոդվածները հանել համաներման շրջանակից:

Նա խնդիր է համարում նաև այն, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում իրականացված մեկ տասնյակից ավելի համաներումները ևրբևէ ցմահ ազատազրկվածներին չեն վերաբերել։ «Ցմահների մեջ մարդիկ կան, որոնք իրենց վարքով- բարքով ավելի բարձր են, քան՝ ազատության մեջ գտնվողները։ Նրանք ստեղծագործում են եւ արդեն տասնյակ տարիներ կրել են իրենց պատիժը։ Տաբու է դրված այդ գործերի վրա»,- ասաց։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարությանն առաջարկում է այն հոդվածներին, որոնց վրա չի տարածվելու համաներումը, ավելացնել նաև խոշտանգումների հանցակազմը: Պատգամավորն այլ առաջարկներ էլ ունի. ընդհանւոր առմամբ նա նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանում քրեական արդարադատությունը հիվանդ է, ունի բազմաթիվ խոցեր, որոնք փորձ է արվում բուժել  համաներումների միջոցով։

Էդմոն Մարուքյանը նաև հույս ունի, որ այս համաներումը տարածվելու է Քեմբրիջի շրջանավարտ  Արամ Մուղալյանի և նրա ընկերների վրա, ովքեր մեղադրվում են դեզն այրելու  մեջ և կալանքի տակ են արդեն 5 ամիս։ «Մի աբսուրդ քրեական գործ է, որի մասին բազմիցս խոսվել է, բայց որևէ փոփոխություն չկա: Գուցե համաներումը տարածվի այս մարդկանց վրա, այս պատմությունը վերջանա գնա, բայց սա մի օրինակ է, թե ինչ ձևով են խափանման միջոցները կիրառվում: Մեր երկրում որպես խափանման միջոց մասսայաբար կիրառվում է կալանքը և մեր դատարաններն էլ մասսայաբար բավարարում են»:

Ունենք խնդիրներ և դատական իշխանության համակարգում, և քրեական արդարադատության ոլորտում, բայց ոչ մի համաներում չի գալիս ուղղելու այն սխալները, որոնք, հնարավոր է,  թույլ է տվել  դատական իշխանությունը։ իր եզրափակիչ ելույթում նշեց արդարադատության նախարարը:  Նրա խոսքով՝ այս համաներման կիրառման գործընթացում հրապարակայնության աստիճանը մի քանի անգամ ավելի է լինելու, պատասխանատուները փորձել են զրոյացնել չարաշահումների կիրառման հնարավորությունը։

Հարցի մասին, թե քանի հոգու կարող է վերաբերել այս համաներումը, Հրայր Թովմասյանն այսօր էլ , հստակ թվերով չխոսեց: Երեկ նա նշել էր, որ այս համաներման ընդգրկումն ավելի մեծ կլինի, քան՝ նախորդինը, իսկ նախորդից օգտվել էր մոտ 1200 անձ: Այսօր զգուշավորությամբ, բայց այնուամենայնիվ ակնարկեց, որ այս համներումը կարող է ռեկորդային թվով անձանց վերաբերել։ «Չեմ ուզում ասել ռեկորդային, որովհետև անկախության տարիներին, 95,96 թվականների երկու մեծ համաներում ենք արել, որը վերաբերել է 3400 մարդու: Այս համաներմամբ կարող ենք մոտենալ այդ թվին»։

Համաներումը վերաբերելու է ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին։ Առաջարկված նախագծով, հիշեցնեմ, պատժից ազատվելու են մինչև 3 տարվա ազատազրկման դատապարտվածները, մինչև 5 տարվա ազատազրվածներից  որոշ խմբեր՝ 60 տարին լրացած անձինք, մինչեւ 3 տարեկան երեխա խնամողներ, հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարածները, նաև հաշմանդամները, Մեծ հայրենականի կամ ղարաբաղյան ազատամարտին մասնակցածները։

Որոշ հանցատեսակների մասով պատժի չկրած մասի 1/3-ով կամ ¼-ով է առաջրակվում: Կա հանցագործությունների ցանկ, որոնց ընդհանրապես համաներումը չի վերաբերու, իսկ նորությունը, որ չի եղել  մինչ այժմ, կետն է, որով առաջարկվում է պատժի չկրած մասը 6 ամսով կրճատել որոշ ծանր հանցագործությունների դեպքում։

Համաներումը կիրառվելու է  այն անձանց նկատմամբ, ովքեր  հանցագործություն են կատարել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Իսկ  որոշման կատարումը վերապահվելու  է դատարաններին, հետաքննության եւ նախաքննության մարմիններին, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին։

Կարդացեք նաև
Close
Back to top button