ԿարևորՔաղաքական

ՄՄ- ին անդամակցությունը ցույց է տալիս Հայաստանի արտաքին ճկուն քաղաքականությունը, ասում է Անդրանիկ Միհրանյանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանն անդամակցումը Հայաստանին հնարավորություն է տալիս այլ մակարդակի վրա խոսել Եվրոպական Միության հետ: Որոշումը եղել է մտածված եւ ունի իր պատմությունը, այսօր հայտարարել է հանրաճանաչ քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը: Նա նկատել է, որ եթե մինչ այդ Եվրոպայում ասում էին կամ մեզ հետ, կամ` ոչ, ապա հիմա Եվրոպայից ավելի շատ են հնչում տեսակետներ, որ Հայաստանի հետ աշխատանքը պետք է շարունակել։

Ճիշտ ժամանակին պետք է լինել ճիշտ մարդկանց եւ ճիշտ կառույցների հետ: Հայկական դիվանագիտությունն այսօր վարվում է ճկուն եւ Մաքսային միությանն անդամակցելով ամենեւին էլ չի փակվում եվրոինտեգրման ճանապարհը, կարծում է հայտնի քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը: Նրա ձեւակերպմամբ` ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը Հայաստանին դարձրել է ավելի հզոր բանակցող Եվրոպայի եւ այլ երկրների հետ։

Անդրանիկ Միհրանյանի խոսքով` իր համար Հայաստանի ընտրությունը պատահական չէր: Հասկանալի է, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հնարավոր չէ տնտեսական առումով լինել մի տեղում, անվտանգության առումով` մեկ այլ։ Քաղաքագետը կարծում է, որ պետք է նախ հասկանալ, թե ինչպես է քո երկրի շահը համընկնում այլ երկրների հետ: Այս իմաստով` Հայաստանի կապը բավականին մեծ է հենց Ռուսաստանի հետ եւ Եվրոպայից խոստումներ են եղել, որոնք չեն իրականացվել, նկատեց քաղաքագետը՝ հավելելով, թե կան իրական տնտեսական շահեր:

Անշուշտ, Եվրոպան մեծ է ու զարգացած եւ Հայաստանը երբեք երես չի թեքում Եվրոպայից, ասաց քաղաքագետը` նկատելով նաեւ, որ Եվրոպայում էլ արդեն հասկանում են, որ «կամ… կամ»-ի խիստ մոտեցմամբ հարց դնելը չի անցնում եւ նույնիսկ հիմա ասում են, որ պետք է շարունակեն Հայաստանի հետ մերձեցումը։

Անդրանիկ Միհրանյանը նաեւ հավելեց, որ եթե Հայաստանը խոսում է Եվրոպայի հետ, ապա` դա չի նշանակում, թե հակադրվում է, կամ պետք է հակադրվի Ռուսաստանին: Առավել եւս, ըստ քաղաքագետի, Ռուսաստանն ինքը եվրոպական արժեքներին դեմ չէ, ավելին՝ քաղաքագետի ձեւակերպմամբ, Ռուսաստանն ինքը Եվրոպա է: Միհրանյանը կարծում է, որ Մաքսային միությունում մենք միմյանց փոխլրացնող ենք եւ դա հնարավորություն է նաեւ Եվրոպայի հետ համագործակցել։

Մաքսային միություն եւ եվրոպական ինտեգրացում. այս երկուսը իրար հակադրելու մոտեցումը չի կիսում նաեւ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Ըստ պատգամավորի` խոսքը մեխանիզմների մասին է: Նա նաեւ նկատեց, որ մեր արտադրանքի հիմնական մասն ենք մենք վաճառում Մաքսային միության մեջ գտնվող երկրներում, այս առումով` տեսակարար կշիռը խոսում է հենց Մաքսային միության օգտին:

Հանրապետական պատգամավորը նաեւ կարծում է, որ պետք է համեմատել եւ հասկանալ, թե որն է ավելի շատ օգտավետը երկրի համար` առավելագույն տնտեսական շահն ու քիչ ռիսկերը: Ըստ նրա` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում միայն մաքսային տուրքերի վերաբաշխմամբ` Հայաստանի բյուջե կարող է մտնել լրացուցիչ մոտ 500 միլիոն դոլար:

Վարդան Այվազյանի գնահատմամբ` Հայաստանն իր համապատասխան օրենսդրական փաթեթներով Մաքսային միությանն անդամակցելու պատրաստ կարող է լինել միայն 2015 թվականին։

Ցուցադրել ավելի
Back to top button