ԿարևորՀասարակություն

Հայաստանը շուտ ծերացող երկիր է, ցույց են տալիս ՄԱԿ- ի տվյալները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր՝ տարեցների միջազգային օրը, եւ մեկ առիթ է խոսել նրանց խնդիրների մասին։ Հայաստանը դասվում է աշխարհի արագորեն ծերացող երկրների շարքին: Եթե այսօր երկրի բնակչության 14.4 տոկոսի տարիքը 60-ից բարձր է, ապա մեր հարևան Ադրբեջանում  այն կազմում է 8.5 տոկոս, Թուրքիայում՝ 10 տոկոս: Վրաստանը մեզանից ավելի վատ վիճակում է. այնտեղ 60-ից բարձր տարեցների թիվը կազմում է 19. 7 տոկոս։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր խոսելով կանխատեսումների մասին՝ նշեց, որ 2050 թվականին   Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը` 31.5 տոկոսը, կարող է լինել 60-ն անց։


Բնակչության կազմում տարեց բնակիչների բաժնի նման աճը մեծ սոցիալ- տնտեսական բեռ է ենթադրում պետության համար: Անկում է ապրում ներքին պահանջարկը, աշխատուժի պակասի հետևանքով ավելանում է աշխատավարձերի չափը: Արդյունքում՝ երկիրը դառնում է անմրցունակ:  Վարած Ճիշտ քաղաքականության արդյունքում՝ Գերմանիան այսօր աշխարհում ամենազարգացած և շարունակաբար աճ գրանցող երկրներից մեկն է: 


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյան նշեց, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել տարեցներին սոցիալական նոր ծառայություններ տրամադրելու հայեցակարգի նախագիծը, որտեղ առաջարկվում են  խնամքի ու սպասարկման նոր մոդելներ։ «
Պահպանելով այսօր գոյություն ունեցող  մեր համակարգը` մենք առաջարկում ենք նոր՝ ավելի ժամանակակից, աշխարհում ընդունված նոր՝ այլընտրանքային ծառայություններ. ցերեկային կենտրոններ, տարբեր ակումբներ`առողջ ապրելակերպի ակումբ,  տարեցների շարունակական կրթության  համար հնարավոր պայմաններ ապահովելու կենտրոններ»,- ասաց նա։

Կառավարության կողմից ծրագիրը հավանության արժանանալու դեպքում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ կլինի այդ կենտրոնների ստեղծմանը, հավաստիացրեց ոլորտի պատասխանատուն  և նշեց, որ տարեցների հիմնախնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Նրանք ունեն առողջական, սոցիալական  խնդիրներ։

Ցուցադրել ավելի
Back to top button