Քաղաքական

Իրան- Արեւմուտք ջերմացումը Հայաստանը կդարձնի տարանցիկ երկիր, կարծում է իրանահայ լրագրող

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին ամբողջությամբ փոխեց Իրանի որդեգրած արտաքին քաղաքականության նախկին ուղին դեպի Արևմուտք, շուրջ 30 տարվա  ընդմիջումից հետո նոր կապեր հաստատելով ԱՄՆ-ի հետ, միջուկային ծրագրի հարցում համագործակցության եզրեր սկսեց փնտրել ու աշխատելու պատրաստակամություն հայտնեց Եվրոպայի հետ, անվանական դիմեց Իսրայել պետությանն ու չհերքեց Հոլոքոստի եղելությունը:
Մի խոսքով՝ Ռոհուանին վերջակետ դրեց Ահմադինեջադի պատկերացրած Իրանի գոյությանը և նոր էջից սկսեց արտաքին քաղաքականության իր տեսլականի իրագործումը: Ըստ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի՝ իրանցիներն այսօր ողջունում են իրենց նախագահի որդեգրած քաղաքականությունն ու տեսնում են բարեփոխումների նոր փուլ, որը շրջադարձային կարող է լինել Իսլամական Հանրապետության համար։

Իսկ ինչ կփոխվի մեր տարածաշրջանում. Ռուբիկ Մինասյանը կանխատեսում է, որ Հայաստանի իշխանությունների խելամիտ գործելու պարագայում Հայաստանը կարող է հանդիսանալ միջանցք Իրան- ՌԴ, այնուհետև` դեպի Եվրոպա ճանապարհային քարտեզում` նոր դաշտ ստեղծելով բիզնես հնարավորությունների իրագործման համար։

Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ կարող են Ռուսաստանի ներկայությունը Իրանի մասնակցությամբ դիվերսիֆիկացնել, մտածել երկրորդ գազամուղի մասին՝ Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար, Իրան –Հայաստան երկաթուղու շինարարության մասին մտածել, Հյուսիս –հարավ մայրուղին արագ վերջնականացնել։ Երկաթուղային ճանապարհը տարածաշրջանի բոլոր երկրների համար շահեկան կլինի, իսկ Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա։

Ցուցադրել ավելի
Back to top button