

լրացված ժամը 18։12- ին
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանն այսօր ձայների 103 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: 131 պատգամավորից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 106-ը , քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել երկուսը: Գլխավոր դատախազի ընտրությունից անմիջապես հետո խորհրդարանն անցել է համաներում հայտարարելու մասին հանարապետության նախագահի առաջարկության քննարկմանը: Մինչ նիստերի դահլիճ հասնելը ՝ փաստաթղթի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում և արժանացել հանձնաժողվի դրական եզրակացությունը։
Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի վստահության գրեթե նույն աստիճանով, որը խորհրդարանից 6 տարի առաջ ստացել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: 2007-ի սեպտեմբերի 13-ին նախորդ գումարման Ազգային ժողովում Աղվան Հովսեփյանի թեկնածությանը կողմ էր արտահայտվել 118, դեմ՝ 3 պատգամավոր։ Թե ովքեր են Գևորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ արտահայտված երեք պատգամավորներն այս գումարման խորհրդարանում, մնում է կռահել։
Մինչ քվեարկությունը՝ 6 խմբակացություններտց 4-ը ներկայացրին իրենց դիրքրոշումները: «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ասաց, որ խմբակցությունը ընտրությանը մոտենում է ոչ թե անձի, այդ առումով վերապահումներ չունեն, այլ՝ համակարգի տեսանկյունից: Ասաց նաև, թե պատրանքներ չունեն, որ Կոստանյանի անձով համակարգը փոխվելու է։
Ճիշտ հակառակ տեսանկյունից գլխավոր դատախազի ընտրությանը մոտեցավ խորհրդարանական մեծամասնությունը: Մեր երկրում անձերից դեռ շատ բան է կախված, լրագրողների հետ ճեպազրույցում իր ընտրությունը կատարելուց հետո հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա՝ ղեկավարից կախված է գերատեսչության ողջ աշխատանքը: Իսկ նիստերի դահլիճում, խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս, արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ կոնկրետ իր ձայնը հօգուտ բարեկրթության է տալու։ «Ես չեմ ուզում մոնումենտալ կերպարի տեսք տալ, սիրո, լիրիկայի ճանապարհով գնալ: Թեկնածուին պետք է տեսնել այնպինսին, ինչպիսին նա կա: Ես, օրինակ, որսացել եմ բարեկրթություն: Իսկ բարեկրթությանը ձայն տալ նշանակում է ապագա ունենալ»։
ՀԱԿ դեպքում խնդիրը ոչ թե բարեկրթությունը, այլ այն ժառանգությունն է, որը Գևորգ Կոստանյանին բաժին է հասել անցած տարիներից: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդ ժառանգության մեջ տեսնում է հասարարակական հնչեղություն ստացած, բայց չբացահայտված մի քանի տասնյակ հանցագործությունները, քաղաքացիական նախաձեռնությունների դեմ դատախազության որդեգրած կեցվածքը, ինչպես նաև բանակում կատարվող հանցագործությունների վիճակագրությունը։ ՀԱԿ-ը, ինչպես Արամ Մանուկյանը հայտարարեց, չի վստահում իշխանության ներկայացրած որևէ թեկնածուի։
ՀՅԴ-ն հայտարարեց, որ խմբակցությունը որոշել է ազատ քվեարկել: Աղվան Վարդանյանը բացատրեց, որ գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպումից ավելի շատ դրական տպավորություն են ստացել և փորձելու են նրան հնարավորություն տալ։ «Մենք լսել ենք պարոն Կոստանյանի մոտեցումները, և ուրախ կլինենք, եթե պաշտոնավարման ընթացքում նա առաջնորդվի իր իսկ հայտարարած սկզբունքներով և կարողանա փոխել իր հանդեպ հանրային ընկալման այսօրվա վիճակը: Այս իրողությունից ելնելով՝ մեր խմբակցությունը որոշել է ազատ ռեժիմով քվերակել»։
ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն դիրքորշում չհայտնեցին, ու եթե ՕԵԿ պատգամավորների առանձին ելույթներից պարզ դարձավ, որ Գևորգ Կոստանյանը վայելում է կոալիցիոն այս կուսակացության աջակցությունը, ապա ԲՀԿ-ի դեպքում հարցը բաց մնաց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ակտիվ չէին ոչ հարցերի և ոչ էլ ելույթների ժամանակ:
Ձայների 103 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը պաշտպանեց Գևորգ Կոստանայնի թեկնածությունը: Քվերակությունից հետո մեկ բան էր ակնհայտ՝ դեմ արտահայտվողների քանակն ավելի փոքր էր, քան հայտարարողներինը:
Քվեակությունից անմիջապես հետո խորհրդարանն անցավ իրավական մեկ այլ խնդրի՝ համաներմում հայտարարելու մասին հանրապետության նախագահի խորհրդարան ներկայացրած առաջարկի քննարկմանը: «Այն հոդվածները, հանցակազմերը, որոնց վրա նախորդ համաներումը չէր տարածվում, այս ակտով դրանց շրջանակը փոքրացվել է: Սա նշանակում է, որ ընդլայնվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա համաներումը տարածվում է»,- ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Ըստ Թովմասյանի՝ նախկին համաներումը, օրինակ, չէր տարածվում դիտավորությամբ ու անզգուշությամբ կատարված մի շարք հանցակազմերի վրա, որոնց համար քրեական օրենսգիրքը 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում էր նախատեսում: Այս համաներման ակտով այդ հոդվածների մի մասի համար ակտով պատժի չկրած մասի 1/3-ով կամ ¼-ով կրճատում է նախատեսվում։
Աննախադեպ է նաև ծանր հացագործությունների համար որդեգրված մոտեցումը: Ըստ արդարադատության նախարարի՝ իշխանությունները միշտ ձեռնպահ են մնացել ծանր հանցագործություններ կատարած անձանց համաներման ենթարկելուց: Այս անգամ առաջարկվում է պատժի չկրած մասը կրճատել 6 ամսով: Սա, ըստ Թովմասյանի, զուտ մարդասիրական դրսևորում է։
Համաներումը չի տարածվի բռնաբարության, սեքսուլ բնույթի հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության յուրացման, լրտեսության և մի շարք այլ հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա:
Իսկ այն շրջանակը, որին կվերաբերի այս համաներումը, ավանդական է: Համաներման այս ակտով առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, խոսքն այսինքն ազատազրկման չդատապարտվածների մասին է: Պատժից ազատում է նախատեսվում նաև նրանց համար, ում նկատմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման պատիժ է նշանակվել: Մինչև 5 տարի ազատազրկման դատապարտվածներից պատժից ազատվում են այն անձինք, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են, անցել են 60 տարեկանի սահմանը կամ հանցագործությունը կատարել են մինչև 18 տարին լրանալը: Հոդվածը վերաբերում է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցողներին։
Համաներումը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Իսկ որոշման կատարումը վերապահվելու է դատարաններին, հետաքննության եւ նախաքննության մարմիններին, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին: Թե քանի հոգու կվերաբերի այս համաներումը, արդարադատության նախարարը դեռևս դժվարանում է ասել. հստակ թվեր կարել է նշել մանրամասն հաշվարկներից հետո: Նա նաև հավելում է, որ այս համաներման շրջանակն ավելի մեծ կլինի, քան՝ նախորդինը, իսկ նախորդը վերաբերել էր մոտ 1200 ազատազրկվածի։