Այս տարի ընտանեկան բռնության արդյունքում մահացել է 3 կին, որբացել՝ 6 երեխա


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհված 20- ամյա Զարուհի Պետրոսյանի դեպքը միակը չէր Հայաստանում, սակայն կարելի է ասել դարձավ լռության վերջին կաթիլը և հասարակական մեծ աղմուկի առիթ դարձավ։ Զարուհու դեպքը դարձավ նախադեպային, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի լայն լուսաբանմանը, հասարակությունում ընտանեկան թաքնված բռնության դեպքերի բացահայտմանը և քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Զարուհու դեպքից հետո կանանց իրավունքներով մտահոգ 7 հասարակական կազմակերպություններ միավորվեցին և ստեղծեցին «Ընդդեմ կանանց բռնության » կոալիցիա, որը ամեն տարի հոկտեմբերի 1-ին կազմակերպում է համանուն հանրային միջոցառում: Կոալիցիայի նպատակը մեկն է` հոկտեմբերի 1-ը դարձնել «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:
Այսօր էլ կոալիցիան նախաձեռնել է 12-ժամյա խաղաղ հավաք կառավարության շենքի առջև, որի ընթացքում նամակ է հանձնվել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Դրանում կոչ է արվում ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք։
Նշենք, որ Հայաստանում ընտանեկան բռնության զոհ է դառնում կանանց շուրջ 25 տոկոսը: 2012 թվականին եղել է ընտանեկան բռնության 766 գրանցված դեպք, որից 621-ը կանանց նկատմամբ: Միայն 2013 թվականին ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 3 կին` առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխաների: