ԱՄՆ Իրանից գործողություններ է սպասում


Իրանի ղեկավության կողմից հայտարարված պատրաստակամությունը միջուկային խնդրի շուրջ գոյություն ունեցող ճգնաժամը կարգավորելու հարցում պետք է ամրապնդվի գործերով, շեշտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ բանակցություններից հետո։
«Հաշվի առնելով իրանական ռեժիմի նախորդ հայտարարությունները և գործողությունները, Իսրայելին ուղղված սպառնալիքները, միանգամայն պարզ է, որ միայն խոսքերը բավարար չեն: Պետք են գործողություններ, որոնք միջազգային հանրությանը կտան վստահություն, որ իրանցիները լիովին կատարում են իրենց միջազգային պարտավորությունները և մտադրություն չունեն միջուկային զենք ստեղծել», -ասել է Օբաման:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը սթափ է գնահատում Իրանի հետ փոխգործակցության հեռանկարները միջուկային խնդրի կարգավորման հարցում և դրա հետ կապված Իսրայելի հետ մշտապես խորհրդատվություններ կիրականացնի: Նա նաև հերթական անգամ զգուշացրել է, որ Վաշինգտոնն Իրանի պարագայում չի բացառում գործողությունների որևէ տարբերակ, այդ թվում նաև ռազմականը: