ԿարևորՔաղաքական

Պայքար մարդկանց հոգիների համար. ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի առաջին զեկույցը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այս տարի գարնանը ձևավորված ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ 25 վերլուծական կենտրոնների միացյալ ջանքերով հրատարակվել է առաջին հանրային զեկույցը «ՀԱՊԿ-ն և Եվրասիայի անվտանգությունը» թեմայով:  Զեկույցի պատրաստման հիմքը դրվեց հունիսին Երևանում կայացած երկրորդ ռազմավարական գիտաժողովում, լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ- մայոր Հայկ Քոթանջյանը։ Այդ հավաքի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են ՀԱՊԿ միասնական զինուժի ձևավորման հարցերը։ ՀԱՊԿ երկրների ուղեղային կենտրոնների երևանյան վեհաժողովը կարևոր լիցք հաղորդեց կազմակերպության Վերլուծական ասոցիացիայի գործունեությանը, նշեց գեներալ Քոթանջյանը։

Հատկանշական է, որ ասոցիացիային անդամակցելու ցանկություն են հայտնել նաև Սերբիայի և Իտալիայի վերլուծական կենտրոնները: Այսօր ներկայացված զեկույցում հավաքված են տարբեր ոլորտներում և ուղղություններում անվտագության վիճակին վերաբերվող հոդվածներ: Մասնավորապես՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանին հուզում է արդի արժեհամակարգի վերանայման միտումները։ «Այսօր աշխարհում տեղի է ունենում գլոբալ առճակատում, որի հենքում պայքարն է ոչ թե նյութական ռեռսուրսների, այլ, առանց որևէ չափազանցության, մարդկանց հոգիներին տիրանալու համար»։

Ըստ փորձագետի՝ ներկայիս պատերազմներն ուղղված են հակառակորդի կայացած արժեհամակարգի փլուզմանը: Քայքայիչ գործընթացները վարվում են գլոբալ ծայրահեղականության դրոշակակակիրների կողմից, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Արևմտյան Եվրոպայում։

Այսօր առաջնահերթ նշանակություն է ձեռք բերել տեղեկատվական պատերազմը, իր հերթին նշեց Ռուսաստանի Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը: Այս պարագայում նա կարևորեց քարոզչական ճակատում հակազդելու անհրաժեշտությունը, և այս հարցում անելիք ունի և ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիան: Իր ելույթում ռուս փորձագետը հատուկ անդրադարձավ Սիրիայի շուրջ զարգացումներին։ «Իրավիճակը Սիրիայում և այս կոնֆլիկտին Թուրքիայի և այլ երկրների ներգրավումը անմիջական սպառնալիք են ներկայացնում Հարավային Կովկասի համար»,- ասաց։

Հեռուստակամուրջի մասնակիցները համակարծիք են, որ ՀԱՊԿ երկրների վերլուծաբանները այսօր շատ անելիք ունեն՝ հատկապես տեղեկատվական դաշտում պայքար ծավալելու ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button