Մշակույթ

Հայաստանում մեկնարկում են «Բրիտանական օրերը»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մեծ Բրիտանիայի դեսպնատունը և Բրիտանական խորհուրդը իրենց գործընկերների հետ հոկտեմբերի 1-ից 31-ը Հայաստանում կազմակերպում են «Բրիտանական օրեր»՝ «Britain is…/Բրիտանիան… է» խորագրով: Դեսպան Ջոնաթան Էյվսն այսօր հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է միջոցառումների նպատակը, ծրագիրը և սպասվող հյուրերին, ովքեր կներկայացնեն բրիտանական  արվեստը, կրթությունը, սպորտը, լրագրությունը: Տեղի են ունենալու նաև բացօթյա համերգներ, ֆիլմերի դիտումներ, ներկայացումներ, սեմիներներ:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում մեկնարկում են «Բրիտանական օրերը»: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի տեղեկացմամբ՝ դրանց շրջանակներում նախատեսվում են բազմազան միջոցառումներ: Հոկտեմբերի 3-ին տեղի կունենա հանրային դասախոսություն` «Բրիտանիան ժողովրդավարություն է» խորագրով, որին կհաջորդի «Բրիտանիան ֆիլմ է» խորագրով վարպետության դասը, ասաց դեսպանը: Նախատեսված են նաև այլ միջոցառումներ «Բրիտանիան մշակույթ է»,  «Բրիտանիան գիտություն է և նորարարություն է», «Բրիտանիան գործարարություն է», «Բրիտանիան սպորտ է», «Բրիտանիան զվարճանք է» խորագրերով:

«Համաձայնեք, որ այս ծրագրում յուրաքանչյուրն իր համար կգտնի հետաքրքրություն:  Հույս ունենք, որ այս միջոցառումների շարքը նոր խթան կհանդիսանա բրիտանացիների և հայերի միջև երկկողմ շահավետ հարաբերությունների զարգացման համար»,- ասաց դեսպանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք այդ հարաբերություններին չի խանգարի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, արդյո՞ք Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո  Հայաստանը կստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, դեսպանը պատասխանեց, որ Հայաստանն ու ԵՄ-ը քննարկում են այն իրավիճակը, որն ի հայտ եկավ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո: Մենք փորձում ենք գտնել այն ճիշտ ձևաչափը, որով կարող ենք առաջ տանել  Հայաստան- ԵՄ համագործակցությունը, ասաց դեսպանը: «Որպես ԵՄ անդամ պետություն` մեզ հուզում  է այն, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չի փոխել ԵՄ հետ սերտ հարաբերություններ ունենալու իրենց ցանկությունը»։

Քանի որ  թե Հայաստանի, թե ԵՄ-ի կողմից հարաբերությունները   առաջ տանելու և զարգացնելու ցանկություն կա, Ջոնաթան Էյվսը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հանդես գան կոնկրետ  առաջարկներով` մասնավորապես նշելով, թե որ բնագավառներում են տեսնում հետագա համագործակցությունը ԵՄ-ի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button