Տնտեսական

Հայաստանը կարտոֆիլով ինքնաբավ երկիր է, ասում է գյուղփոխնախարարը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ կառավարության կողմից շարունակական են դարձել հողօգտագոծողների աջակցության ծրագրերը, ինչի արդյունքում ավելացել են մշակվող ցանքատարածությունները, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։ «Շատ նպաստավոր տարի էր,  ինչին էլ գումարվել են աջակցության ծրագրերը և հողօգտագործողները կարողացել են իրենց արտադրությունն ավելացնել»,-նշել է փոխնախարարը։

Հանրապետությունում գրեթե ավարտվել է հացահատիկի եւ հատիկընդեղեն մշակաբույսերի բերքահավաքը: Այս տարի առաջին անգամ արտադրվել է  306 հազար 500 տոննա ցորեն: Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով` սա 64 հազար տոննայով ավելի է, քան՝ նախորդ տարի։ Այս տարի որեւէ մեկը ցորենի սերմացուից չի դժգոհել, հայտնեց փոխնախարարը։

Նա վստահեցրեց, որ տնտեսությունները տեսնելով, որ լավ է սերմացուն, այլեւս չեն օգտագործել անհայտ ծագման սերմացուներ: Գյուղնախարարության պատասխանատու ներկայացուցչի խոսքով` եթե անցած տարի արտադրվել էր 170 հազար տոննա գարի, ապա այս տարի 184 հազար տոննա է կազմել այդ ցուցանիշը։ Ինչ վերաբերում է բանջարեղենի արտադրությանը, Սամվել Գալստյանն ասաց, որ այն միշտ էլ զարգացման միտում է գրանցել: Նախորդ տարի արտադրվել էր 849 հազար տոննա, իսկ  այս տարի արդեն այսօրվա դրությամբ` 750  հազար տոննա է կազմել այս ցուցանիշը: Մինչեւ տարվա վերջ կանխատեսվում է, որ կարտադրվի  860-ից 900  հազար տոննա բանջարեղեն։

Կարտոֆիլի առումով Հայաստանն այլեւս ինքնաբավ երկիր է, վստահեցրեց փոխնախարարը` հավելելով նաեւ, որ կա արտահանման ծրագրեր իրականացնելու հնարավորություն: Սամվել Գալստյանը միաժամանակ պարզաբանեց, թե ինչու է շուկայում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կարտոֆիլի արժեքը բարձր։ Եթե 2012-ին արտահանվել է ընդամենը 900 տոննա կարտոֆիլ, ապա այս տարի այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 7567 տոննա կարտոֆիլ, տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարարը:

Նրա խոսքով` այս տարի ավելի կլինի նաեւ խաղողի բերքը, սակայն նախորդ տարվա ծավալները կպահպանվեն, քանի որ չեն վերականգնվել Արմավիրի` կարկուտից տուժած համայնքների խաղողի վազերը: Սամվել Գալստյանը հիշեցրեց, որ խաղողի մթերման գինը սահմանված եւ մթերման աշխատանքները շարունակվում են: Կպահպանվեն նաեւ անցյալ տարվա մթերման ծավալները:

«Գյուղատնտեսությունը  մեր երկրի կարևորագույն ճյուղերից մեկն է  և ցուցանիշների աճի առումով կայուն առաջ է գնում, չնայած դեռևս կան խնդիրներ և թերություններ»,- ամփոփելով` իր խոսքը եզրափակեց գյուղատնտեսության փոխնախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button