Տնտեսական

ԵՄ- ն Հայաստանի հետ պետք է ասոցացման համաձայնագիր ստորագրի, ասում է տնտեսագետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Եվրամիությունը պետք է Հայաստանի հետ ասոցացման համաձայնգիրը ստորագրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների  հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Որպես  բիզնես շահերը ներկայացնող կառույցի ղեկավար՝ Մակարյանն ընդգծել է, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարում՝ միաժամանակ և ցանկանալով անդամակցել Մաքսային միությանը, և սոտրագրել ասոցացման համաձայանգիրը։

Գագիկ Մակարյանը հիշեցրեց, որ ԵՄ-ն առաջնորդվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության դրույթներով, ապա նաև  նշեց, որ ԵՄ-ն Հայաստանին դեռ  2007 թ թույլատրել է GSP+ համակարգով մոտ 7200 անուն ապրանք  արտահանել  դեպի ԵՄ երկրներ, դրանցից 3300-ը, ի դեպ, զրոյական, մնացածն էլ՝ ցածր մաքսատուրքերով։ «Ասոցացված համաձայնագրի մեջ խորը և համապարփակ առևտուրը ինքն արդեն երկու կողմ ունի և ավելի ընդարձակված է, բայց նրա մի  մասը մնում են այն GSP+ համակարգի էլեմենտները և սկզբունքները, որոնք դեռևս 2008 թ էին դրվել»։

ԵՄ-ն քաղաքական վրիպում է  թույլ տվել՝ անտեսելով Մաքսային միության գաղափարախոսությունը, կարծում է Գագիկ Մակարյանը՝ հստակեցնելով՝  պայմանագրում  նշված է «Մաքսային միության տարածքը ձևավորվում  է երկրների մաքսային տարածքներից, փաստաթղթում նշված չէ, որ տարածքները պետք է իրար հատեն, հարևան լինեն կամ իրար կպած լինեն», փաստաթղթից մեջբերում կատարեց Հայաստանի գործատուների  հանրապետական միության նախագահը։ Միացյալ տարածքը գոյանում է երկրների մաքսային տարածքների հանրագումարից, դա է իրավաբանորեն բացատրությունը, ասում է նա։

Գագիկ Մակարյանը հետագայում մաքսատուրքերի  կանոնակարգմանը վերաբերող մի քանի այլ փաստաթղթեր  նույնպես ուսումնասիրել է ու այսօր նշեց, որ կարող են լինել նաև մաքսային տարածքի մաս, որևէ արհեստական կղզիներ կամ սարքավորումներ , որոնք այլ վայրերում են գտնվում՝ ամփոփելով ասաց՝ Ռուսաստանն ու մյուս երկրները, երբ այս պայմանագիրը ստորագրել են, բնականաբար,  սահմանափակող կետեր չեն ստեղծել, որոնք կարող են երկրներին խանգարել դառնալ Մաքսային միության անդամ։

Շատերի նման Գագիկ Մակարյանը նույնպես ընդգծեց, որ անցած  տարիների ընթացքում ԵՄ- ն ու Հայաստանի կառավարությունը  ֆինանսական միջոցներ, մարդկային  ռեսուրսներ են ծախսել: Մինչև նոյեմբեր դեռ ժամանակ կա, ու Գագիկ Մակարյանը չբացառեց, որ նոր  անակնկալներ կլինեն։ «Արդյո՞ք դուք վստահ եք, որ այդ 57 օրվա ընթացքում նոր անակնկալներ ձեզ չեն սպասում»,- ասաց։

«Մեծ ութ»- ի երկրներն ստորագրեցին արձանագրություններ, որտեղ Մաքսային միության կազմում պետք է գործեն ԱՀԿ-ի կանոնները, և երկների վերաբերմունքը պետք է հավասար լինի: «Սա չի՞  նշանակում արդյոք, որ իրենք անուղղակիորեն սկսում են Մաքսային միությունը ճանաչել: Ես կարծում եմ, որ այստեղ այդ էլեմենտը կա, և, հետևաբար, այս բոլորի հանրագումարում ես հայտարարում եմ, որ Եվրոպական միությունը պետք է գնա ստորագրման»։

Ցուցադրել ավելի
Back to top button