ԿարևորՔաղաքական

ԱԺ քառօրյայի աշխույժ այսօրը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկած հերթական քառօրյայի աշխատանքը խորհրդարանը   սկսել է 2012 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման քննարկումով: Հարցի քննարկումը սկսվել ու ընդհատվել էր նախորդ քառօրյայի ընթացքում:  ՀՌԱՀ հաղորդումը պատգամավորներին առիթ է տվել  անդրադառնալու  հեռուստատեսության ոլորտին ու խնդիրներին ընդհանրապես:  Իսկ խորհրդարանական օրվա երկրորդ կեսին պատգամավորների հարցերն ու ելույթներն արդեն վերաբերել են իրավապահ համակարգին: Խորհրդարանը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը:

Հանրապատության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանին որևէ անգամ տարեկան  հաշվետվություն չի ներկայացրել, բայց «Դատախազության մասին» օրենքով նման պարտավարություն ունի, օրենքը խորհրդարանում հիշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Ե՞րբ է Հայաստանի գլխավոր դատախազը վերջին անգամ հաղորդում ներկայացրել ԱԺ, եթե եղել են տարիներ, երբ չի ներկայացրել, ո՞րն է պատճառը»։

Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ նախագահը մասամբ էր  համաձայն : Համաձայն չէր, թե  հաշվետվություն չներկայացնելը Սահամանադրության խախտում է, բայց համամիտ էր, որ օրենսդրական բաց կա. Դատախազության մասին օրենքը տարեկան հաշվետվության ներկայացում է նախատեսում, իսկ ԱԺ կանոնակարգը չի հստակեցնում , թե ինչպես պետք է ներկայացվի այդ հաշվետվությունը։ «Դեռևս չի եղել դեպք, որ գլխավոր դատախազը խորհրդարանին  հաշվետվություն ներկայացնի: Պատճառը՝ կանոնակարգ-օրենքի ոչ հստակ ձևակերպումն է»,- ասաց։

Փոքր- ինչ ուշ ԱԺ նախագահը, օգտվեց արտահերթ հարցի իր իրավունքից,  արդեն գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է արդյոք ամեն տարի գործունեության մասին հաշվետվություն ներկայացնել խորհրդարանին: Օրենսդրության հստակեցման դեպքում ոչ միայն պատրաստ եմ, այլ նաև ողջունում եմ, ասաց Գևորգ Կոստանյանը։

Մինչ պատգամավորների հարցերին պատասխանելը դատախազի թեկնածուն ներկայացրեց այն ծրագիրը, որով պատրաստվում է առաջնորդվել պաշտոնում նշանակվելուց հետո: Մինչ հիմնական սկզբուքներըը թվարկելը, Գևորգ Կոստանյանը ընդգծեց՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումները, հուրախություն արձանագրել են, որ իր և քաղաքական ուժերի նպատակներն ու դրանց հասնելու միջոցները  նույնն են: Ինչ վերաբերում  է գործունեության հիմնական սկզբուքներին. առաջինը նշվեց կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը։ «Կոռուպցիան տեղ չի կարող ունենալ դատախազության համակարգում»,- ասաց։
Գևորգ Կոստանյանի ղեկավարած դատախազական համակարգում չի կարող տեղ ունենալ նաև ոչ պրոֆեսիոնալ դատախազը: «Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալության արդյունքում կարող են խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազության ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այն կարծիքի հետ, որ կոռուպցիան ու ոչ պրոֆեսիոնալ դատախազները տեղ չունեն համակարգում, շատ շուտով իրենք տեղ չեն ունենա դատախազության համակարգում: Սա միանշանակ է»,- ասաց։

Գլխավոր դատախազի թեկնածուն շատ ավելի ուշադիր կլինի դատախազության կադրերի և քաղաքականություն առնչությունները բացահայտելու հարցում: «Այս հարցը նույնպես իմ պաշտոնավարման ընթացքում դարձնելու եմ կարևորագույն խնդիրներից մեկը: Քաղաքականությամբ զբաղվել ցանկացող որևէ դատախազի, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, ընձեռվելու է այդ հնարավորությունը, պայմանով, որ նա վայր կդնի դատախազի իր լիազորությունները»։

Փակ գաղտնի քվերակությամբ գլխավոր դատախազի ընտրությունը խորհրդարանը թերևս կկազմակերպի վաղը։

Իսկ մինչ իրավական թեմատիկային անցնելը՝ խորհրդարանն այսօր անդրադարձավ նաև հեռուստասեության ու ռադիոյի ոլորտին՝  ավարտելով 2012 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման քննարկումը: Այն թեև քվեարկություն չէր նախատեսում, բայց քննարկում ենթադրում էր: Իսկ քննարկումը բավական  հետաքրքիր  էր: Հաղորդումն առիթ դարձավ լրատվադաշտի խնդիրներն ընդհանրապես ու հանրային հեռուստառադիոընկերության  խնդիրները մասնավորպես քննարկելու համար:

Պատգամավորների մտահոգությունները բազմաթիվ էին . հեռուստատեսությամբ քարոզվող արժեհամակարգ , նոր սերնդի դաստիարակություն, հանրային լսարանի պահանաջարկ  ու դրան ոչ համարժեք  առաջարկ: Քննարկումներում ավելի շատ խոսք գնաց հեռուստատսեության, քան՝ ռադիոյի մասին:  Սա նկատեց ու արձանագրեց ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանինը, մինչդեռ ըստ պատգամավորի համեմատություններն ավելորդ չեն։  2012-ի հաղորդումից Արծվիկ Մինասյանի ուշադրությունը գրավել էին նաև ֆինանսական ցուցանիշները։ Նշելով, որ Հանրային հեռուստատեսության ֆինանսավորում գրեթե երեք անգամ գերազանցում է Հանրային ռադիոյինը՝ նա հատկապես բարձր գնահատեց ռադիոյի ստեղծագործական աշխատանքն եւ դրա որակը։

Պատգամավորների ելույթներն ու դրանցում հնչած մտահոգությունները  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը կարճ արձագանքով ամփոփեց. հաջորդ հաղորդումը, որ կներկայացվի խորհրդարան ու կներառի իր ամբողջական պաշտոնավարման շրջանը, բոլորովին այլ բովանդակություն ու ասելիք կունենա: Խորհրդի նախագահը  նշեց, որ համաձայն է հնչած մտահոգությունների մեծ մասի հետ, բայց համբերություն է ակնկալում, իսկ հարցերի մի մասի պատասխանը,  ըստ նրա , կտա նաև Հանրային հետռուսատաընկերության արդեն այսօր մեկնարկած նոր եթերաշրջանը։

Ցուցադրել ավելի
Back to top button