ԿարևորՀասարակությունՄիջազգային

Սերժ Թանկյանը Մոսկվայում աջակցություն է հայտնել Ռուսաստանում ձերբակալված բնապահպաններին

Ռուսաստանում ձերբակալված Greenpeace- ի ակտիվիստների պաշտպանությամբ է հանդես եկել ամերիկահայ ճանաչված երաժիշտ եւ երգիչ, System of a Down խմբի ղեկավար Սերժ Թանկյանը։ Մոսկվայում իր համերգի ժամանակ նա Ռուսաստանի կառավարությանն առաջարկել է նայել «Գազպրոմի» գործը, հայտնում է «Նովայա գազետան»։ «Ես գիտեմ, որ Ռուսաստանում ձերբակալվել են Greenpeace- ի ակտիվիստները։ Ես մի միտք ունեմ։ «Գազպրոմի» տերը՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է նայի «Գազպրոմի» գործը եւ տեսնի՝ արդյո՞ք Արկտիկայում հորատումները բնապահպանական վտանգ չեն ներկայացնում»,- ասել է Թանկյանը։

Նա նշել է, որ տեղի ունեցածը շրջական միջավայրին է առնչվում։ «Սա պատմություն է շրջական միջավայրի մասին, այլ ոչ թե ակտիվիստների կամ մեկ այլ կառավարության գործողության մասին»,- ասել է երաժիշտը «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում ելույթի ժամանակ։

Նշենք, որ սեպտեմբերի 18- ին Պեչերսկի ծովում «Պրիրազլոմնայա» նավթահանման հարթակի մոտ բողոքի գործողության ժամանակ Greenpeace- ի երկու ակտիվիստ փորձել է բարձրանալ հարթակ։ Հաջորդ օրը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հատուկ ջոկատայինները գրավել են բնապահպանների նավը, իսկ անձնակազմի անդամները Մուրմանսկում ձերբակալվել։

Back to top button