ԿարևորՄիջազգային

Պատմական զրույց, որն ավարտվեց կոշիկ նետելով

Իրանում պահպանողականները Թեհրանում կոշիկ են նետել նախագահ Հասան Ռոուհանիի շարասյան ուղղությամբ ԱՄՆ- ից նրա վերադարձից հետո։ Նյու Յորքում Իրանի նորընտիր նախագահը շաբաթասկզբին ելույթ էր ունեցել ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայում՝ հայտարարելով, որ երկիրը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների եւ ակնկալում է 3- 6 ամսվա ընթացքում համաձայնության հասնել միջազգային հանրության հետ այդ հարցում։

Պահպանողականներին, ըստ երեւույթին, զայրացրել է նաեւ ուրբաթ օրը ԱՄՆ եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը, որը կարելի է պատմական համարել, որովհետեւ երկու երկրների ղեկավարները 1979 թվականից հետո  իրար հետ զրուցում են առաջին անգամ։ Հեռախոսազրույցում եւս քննարկվել է իրանական միջուկային ծրագիրը։

Նախագահ Օբաման հայտարարել է, որ համաձայնագրի կնքման գործընթացում կարող են առաջանալ լուրջ խոչընդոտներ եւ բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ։ Իր հերթին Ռոուհանին հույս է հայտնել, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդիրը կարող է կարգավորվել 3- 6 ամսվա ընթացքում։

Սպիտակ տան ներկայացուցիչը Բի Բի Սի- ին հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի նախագահի նախաձեռնությամբ, տեւել է 15 րոպե եւ անցել բարեկամական մթնոլորտում։

Ցուցադրել ավելի
Back to top button