ԿարևորՏնտեսական

Հունվարի կբարձրանան թոշակները, հուլիսից՝ աշխատավարձերը. կառավարությունը հաստատեց 2014- ի բյուջեի նախագիծը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց 2014թ պետական բյուջեի նախագծիը։ Առաջարկվող նախագծով՝ բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 272 մլրդ 237 մլն դրամ, ծախսային մասը՝ 1 տրլն 237 մլրդ 900 մլն դրամ, պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 110 մլրդ  500 մլն դրամ։ ՀՆԱ իրական աճը 5,2 տոկոս է, անվանական ներքին արդյունքը՝ չորս տրլն 723 մլրդ 700 մլն դրամի չափով։ Ըստ  այդմ՝  նաև կազմվել է բյուջեի եկամտային  մասը. եկամտային մասում  հարկերի և տուրքերի գծով եկամուտները կանխատեսվել են ՀՆԱ 23 ,1 տոկոս և դեֆիցիտը՝ 2,3 տոկոս:

2014-ին  սոցիալական ոլորտի՝  կրթության,  առողջապահության, և  սոցիալական պաշտպանության համար նախատեսված է ծախսել  առաջարկվող բյուջեի   45, 6 տոկոսը, պաշտպանության, հասարակական կարգի պահապնության և ազգային անվտանգության ապահովման համար՝  21,1 տոկոսը, տնտեսության ճյուղերի զարգացման համար նախատեսվել է ծախսել  բյուջեի 11,7 տոկոսը, համայնքային բյուջեներին պետական բյուջեից ֆիանանսական համահարթեցման դոտացիաների նպատակով ծախսել  3,3 տոկոս:

2014 թ. հունվարի 1-ից 15%-ով կբարձրանա միջին կենսաթոշակը, իսկ հուլիսի 1-ից՝ 40%-ով  կբարձրանան աշխատավարձերը: Կենսաթոշակների բարձրացումը տարբեր խմբերի համար կլինի տարբեր: Այսպես՝ ցածր թոշակ ստացողների թոշակը կբարձրանա ավելի բարձր տեմպով՝ մինչեւ 25%-ով, իսկ բարձր թոշակներ (70 հազ. դրամ եւ ավելի) ստացողներինը՝  կբարձրանա ընդամենը 3%-ով: Պարզվում է՝ մեր երկում կա կենսաթոշակառուների մի խումբ, ովքեր ստանում են մինչև մեկ միլիոն դրամ կենսաթոշակ: Հենց նրանց համար նախատեսվող գումարներն են երեք տոկոսով ավելանալու: 2014 հունվարի մեկից  նվազագույն կենսաթոշակն առաջարկվում է սահմանել  18.200 դրամ:

Աշխատավարձերն ու թոշակները կբարձրացվեն պետական բյուջեում նախատեսվող 90 մլրդ դրամ հավելյալ եկամուտների հաշվին՝ 36,6 մլրդ դրամ ուղղելով աշխատավարձերին, 34,1 մլրդ դրամ՝ թոշակներին:  «Տնտեսական աճը կանխատեսվում է, 5,2%»:

2014թ հունվարի մեկից «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ»  ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին կբարձրանան նաև  ընտանիքներին տրվող միանվագ գումարները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից ոչ միայն նյութական խրախուսումներ կլինեն, այլ նաև ոչ ֆինանսական՝ սոցիալական այլընտրանքային ծառայությունների ու բարոյախրախուսական միջոցառումների տեսքով։ Առաջարկվում է 2014 թ. երրորդ ու հաջորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը սահմանել 500 հազար դրամ, իսկ երրորդ, չորրորդ երեխաների համար 500 հազար դրամը և հինգերորդ ու հաջորդ երեխաների համար նախատեսված մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ անկանխիկ եղանակով տրամադրել ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն տվյալ երեխայի համար, այլ նաև ընտանիքում ներառված մյուս երեխաների համար տնօրինել երեք ուղղություններով:

Առաջին ուղղությամբ նախատեսվում է  բնակարանների հետ կապված վարկերի տոկոսադրույքների և մայր գումարի մարում,  երկրորդ՝  ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարների վճարում, և երրորդ՝  բժշկական ապահովագրության կամ բժշկական օգնության դիմաց վճարում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց  իրենց նախընտրական խոստումներից մեկը՝  առաջիկա հինգ տարիների ընթացքում  սրտի վիրահատությունները պետք է հասանելի լինեն բոլորին: Առաջին քայլը  առողջապահական ապահովագութրյան ինստիտուտի ներդրումն էր պետական հատվածի ծառայողների համար, հերթն այժմ  մասնավոր հատվածի աշխատողներինն է ու ընդհանրապես չաշատողներինը: 2014թ-ից,  սակայն, նման հնարավորություն կտրվի  երրորդ և  ավելի  երեխաներ ծննդաբերած մայրերին։

Շուտով կքննարկվի նաև  Հայաստանում և Արցախում նրանց հանգստանալու հնարավորությունը: Տիգրան Սարգսյանը  հիշեցրեց, որ մինչև յոթ տարեկան երեխաները մեր երկրում անվճար բուժօգնություն էին ստանում, այժմ խնդիր է դրվում բուժծառայությունները  հասանելի դարձնել մինչև 18 տարեկան երեխաների համար, այստեղ սակայն, դասարակագային մոտեցում է  ցուցաբերվելու: «Առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանքիների մինչև 18 տարեկան երեխաներին, որպեսզի մենք կարողանանք անվճար բուժծառայություն մատուցել»,- ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությանը սպասվում է բավականին լարված աշխատանք, պայմանավորված մի քանի հանգամանքներով: Նախ՝  զարգացող երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացում է գրանցվում: Բացի այդ՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՌԴ-ի տնտեսական աճը կանխատեսվել է նվազումով, ինչը մեծ ազդեցություն ունի նաև Հայաստանի տնտեսության վրա: «Արձանագրվում է նաև մասնավոր ներդրումների կրճատման միտում, ինչը ենթադրում է, որ պետք է մտածենք հարկային բեռի ճիշտ բաշխման ուղղությամբ, որպեսզի տեղի չունենա հարկային բեռի ավելացում»։

Կառավարությունը 2014թ-ի համար չի ավելացնելու հարկային բեռը: «Եթե ամեն տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելացվում էր 0,3 տոկոսային կետով, ապա մենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը չենք ավելացնում, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշումներ չլինեն և բարելավենք բիզնես միջավայրը»,- ընդգծեց վարչապետը` ավելացնելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նոր միջավայր է ստեղծելու, ուստի այդ անցումը առավել սահուն իրականացնելու համար պետք է ստեղծեն հարմարավետ պայմաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button