Հասարակություն

Կոմիտաս 5- ի բնակիչներն այսօր բողոքում էին քաղաքապետարանի առաջ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մի´ փակեք մեր լույսը», «Մի´ խլեք մեր արևը` միակ լավ բանը, որ մնացել է մեր երկրում» և մի շարք այլ պաստառներով  այսօր Երևանի  քաղաքապետարանի դիմաց  բողքի ակցիա էին կիրականացնում Կոմիտաս 5 հասցեի բնակիչները: Նրանք  պահանջում  էին հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ակցիայի մասնակիցներին միացել է նաև ավագանու «Բարեւ Երևան» դաշինքի անդամ  Արմեն Մարտիրոսյանը, որն ասաց, որ լավ կլիներ բարձրահարկ  շենքի փոխարեն տվյալ տարածքում մանկապարտեզ կառուցվեր, քանի որ քաղաքն իսկապես ունի մանկապարտեզի կարիք, իսկ կառուցապատողն էլ կարող է մեկ –երկու հարականի գրասենյակային շենք կառուցի։ «Իշխանությունը պետք է վերջապես ընդունի այն պարզ ճշմարտությունը, որ իրենք քաղաքացիների համար են աշխատում, և ոչ թե քաղաքացիներն են իրենց համար աշխատում»,- ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք,որ Կոմիտաս 5 հասցեում նախատեսված է բնակելի շենք կառուցել, ինչից դժգոհ են հարակից շենքերի բնակիչներ, որոնք պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում  և արգելում շինտեխնիկայի աշխատանքը։

Շինարարությունն իրականացնում է «Լիբեր» ՍՊԸ-ն, որի տնօրենը իրանահայ Էդվարդ Քեշիշ Աբրահամն է: Բնակիչների պայքարի արդյունքում  14 հարկանի կառույցի փոխարեն այստեղ 7 հարկանի շենք է կառուցվելու: Սակայն դա չի վերացրել մարդկանց մտահոգությունները: Բնակիչնոեչրը օրերս դիմել են նաև  արտակարգ իրավիճակների նախարարություն, որպեսզի մասնագետները գան և արձանագրեն շենքին հասցված վնասները: Ըստ նրանց՝ պատերին առաջացել են ճաքեր, որոնք օրեցօր խորանում են։

Բնակիչները քաղաքապետարանի «Մեկ պատուհան» ծառայությունում հանդիպում էին պահանջել քաղաքապետի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի հետ: Քիչ անց նրանց մոտեցավ քաղաքապետարանի աշխատակից Արբակ Վարդանյանը եւ բնակիչներին հրավիրեց քաղաքապետարան՝ քննարկման: Լրատվամիջոցների մուտքն արգելվեց:

Back to top button